«10» սեպտեմբերի 2012 թ.                                                                                            ԻՎ-ե-61

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-071-04.09.2012-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Խաչիկ Հարությունյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնու՟թյան կարգով ներկայացված «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապե՟տու՟թյան օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ամրագրած որոշ դրույթներ` կարգավորման առարկան,ում եւ որ դեպքերում է տրամադրվում միանվագ դրամական օգնություն եւ այլն կարգավորված են «Պետական նպաստաների մասին» 2005 հոկտեմբերի 24-ի ՀՀ օրենքով:Բացի այդ, մեր կարծիքով, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի դրանից, նկատի ունենալով, որ  ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը, այդ դեպքում,պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին:

3. Նախագծի 2-րդ հոդվածում ամրագրված է, որ «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով,  սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:», մինչդեռ, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված չեն։

4. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ՀՀ օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով, քանի որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը...:»։

5. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

5.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

5.2. Նախագծի վերնագրի «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Ա. Քոչարյան,հեռ. 513-248

Ռ.Կազումյան,հեռ. 513-650