«05»  սեպտեմբերի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-48
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-059-24.08.2012-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

2.2. Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է ընդամենը մեկ փոփոխություն, ուստի Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության օրենքը « Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» բառերով, այն համապատասխանեցնելով նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:...»:

2.3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կատարել փոփոխություն 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-164 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մինչդեռ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` փոփոխություններ կամ լրացումներ նախատեuող իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մաuով փոփոխություն կամ լրացում չի կատարվում եւ նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Ուստի, ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը կատարել հիմնական ակտում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «2010 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-164» բառերը փոխարինել «2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66» բառերով:

Ն ախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ նկատառումներ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա. Քոչարյան հեռ. 513-248
Ս. Համբարձումյան հեռ. 513-650