«15» հուլիսի2011 թ .                                                                                              ԻՎ-ե-119

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Պետական մատնադրոշմային գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1204-27.06.2011-ՊԱ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Նախագծի վերաբերյալ ներկայացնում են հետեւյալ առաջարկությունները եւ դիտողությունները.

1. Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք վերախմբագրել հետեւյալ կերպ` «Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցում իրականացնելու, գրանցման արդյունքում ստացված տեղեկատվությունն օգտագործելու, պահպանելու եւ ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում պետական մատնադրոշմային գրանցմաննպատակները, սկզբունքները եւ տեսակները»:

2. Մեր կարծիքով, Նախագծի 3-րդ հոդվածում ներկա խմբագրությամբ սահմանված նպատակը կարող է վերաբերվել միայն պետական մատնադրոշմային գրանցմանը, բայց ոչ մատնադրոշմային տեղեկատվության օգտագործմանը: Հիմքընդունելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասը ` « …Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակին կամ չի նախատեսված օրենքով» եւ հաշվի առնելով Նախագծի նաեւ 8-րդ հոդվածի պահանջները, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում հստակ սահմանել այն բոլոր նպատակները, որոնց առկայության դեպքում մատնադրոշմային տեղեկատվությունը կարող է օգտագործվել:

3.Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը նույն հոդվածի վերնագրին համապատասխանեցնելու նպատակով, առաջարկում ենք, վերախմբագրել հետեւյալ կերպ` «Մատնադրոշմային գրանցման իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, սույն օրենքը, այլ օրենքները եւ իրավական ակտերը:

4. Նախագծի տեքստի տարբեր հոդվածներում օտագործվում է մի դեպքում «նյութական կրիչներ», մյուս դեպքում «մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչներ»: Հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածում տրված է «նյութական կրիչի» սահմանումը` առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում օգտագործել կամ «նյութական կրիչներ» կամ «մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչներ» բառերը:

5.Նախագծի 7-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստացած անձինք ունեն կամավոր մատնադրոշմային գրանցման իրավունք, որն իրականացվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան»: Հիմք ընդունելով, որ Նախագծի 9-րդ հոդվածով պահանջներ սահմանված չեն, այլ ամրագրված է, որ համապատասխան անձանց կամավոր մատնադրոշմային գրանցումը իրականացվում է նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների գրավոր դիմումի համաձայն նրանց բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմինների կողմից, առաջարկում ենք, Նախագծի 7-րդ հոդվածում սահմանված «սույն օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին համապատասխան» բառերը փոխարինել «սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:

6. Տարակարծություններից զերծ մնալու համար Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «օտարերկրացիները» բառերը փոխարինել «օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք» բառերով:

7. Մեր կարծիքով, այլ երկրների օրենսդրությունների համեմատությամբՆախագծի 8-րդ հոդվածում նշված պարտադիր մատնադրոշմային գրանցման ենթակա անձանց ցանկը խիստ սահմանափակ է: Օրինակ, ցանկում ընդգրկված չեն պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, ավիացիայի համակարգերում, մաքսային, հարկային ծառայություններում ծառայողները, ինչպես նաեւ ՀՀ տարածքում անօրինական հիմքերով գտնվող անձինք:

8.Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «մատնադրոշմային» բառից առաջ լրացնել «կամավոր» բառով:

9.Նախագծում բլանկետային նորմերի չափազանց օգտագործումը բարդացնում է իմաստային ընկալումը եւ բերում է մի շարք ներքին հակասությունների, որոնք անհրաժե շ տ է հստակեցնել, մասնավորապես`

9.1. Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «նյութականկրիչների վրա պարունակվող մատնադրոշմային տեղեկատվության պահպանությունը, համակարգումը եւ օգտագործումը իրականացնում է ոստիկանությունը», սակայն Նախագծի մի շարք հոդվածներ հակասում են այս դրույթին, մասնավորապես` նույն հոդվածի 3-րդ մասը (ինքնուրույն պահպանում եւ օգտագործում ), 12-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը (սուբյեկտների մասով ), 13-րդ հոդվածը (սուբյեկտների մասով ) եւ այլն, իսկ Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է 10-րդ հոդվածի 2-րդ մասին, մասնավորապես` Նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ «հետաքննության եւ նախաքննության մարմինները..... մատնադրոշմային տեղեկատվության պահպանումը եւ օգտագործումը իրականացնում են ինքնուրույն», իսկ Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այդ նույն մարմինները մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով ուղարկում են Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

9.2. Համաձայն Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները իրականացնում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող անձանց պետական մատնադրոշմային գրանցումը: Իսկ Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերը նշված անձանցվերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պահվում են մինչեւ համապատասխան չվերթի ավարտը, որից հետո անմիջապես ոչնչացվում են:Մինչդեռ, Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նշված ծառայությունը պարտավոր է մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչները ՀՀ կառավարության սահմանված կարգով ուղարկել ՀՀ ոստիկանություն:

Առաջարկում ենք քննարկել Նախագծում առկա հակասությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից ՀՀ ոստիկանություն փոխանցվող օդանավակայաններից մեկնող անձանցվերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչների փոխանցման հիմնավորվածությունը:

9.3.Նախագծի 12-րդ հոդվածի3-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձանց վերաբերյալ նյութական կրիչները Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի եւ Հայաստանի Հանրապետությանմիգրացիոն պետական ծառայության կողմից պահվում են մինչեւ այդ անձանց 80 տարին լրանալը կամ մինչեւ այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը կամ Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալը, որից հետո մեկամսյա ժամկետում այդ անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվությունը հանվում է հաշվառումից եւ ոչնչացվում»: Սակայն, Նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նյութական կրիչների վրա պարունակվող մատնադրոշմային տեղեկատվության պահպանությունը, համակարգումը եւ օգտագործումը իրականացնում է ոստիկանությունը », իսկ նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է «...........սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվության պահպանումը եւ օգտագործումն իրականացնում են ինքնուրույն ` սույն օրենքի պահանջներին համապատասխան», Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված նյութական կրիչները պահպանելու ժամկետները լրանալուց հետո մեկամսյա ժամկետում ոստիկանությունը մատնադրոշմային տեղեկատվությունը հանում է հաշվառումից եւ ոչնչացնում»: Ընդ որում, համաձայն Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետությունից արտաքսման ենթակա օտարերկրացիների վերաբերյալ մատնադրոշմային գրանցումը իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: Առաջարկում ենք նաեւ հստակեցնել թե, որ մարմինն է իրավասու ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունից արտաքսման ենթակա անձանց վերաբերյալ մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող նյութական կրիչները:

10.Նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասի նախադասության վերջում սահմանված «օրենքով» բառի փոխարեն անհրաժեշտ է սահմանել ենթադրվող օրենքի անվանումը:

11.Առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի վերնագիրը վերախմբագրել «Մատնադրոշմային տեղեկատվության օգտագործման իրավունքը», ինչպես նաեւ քննարկել «մատնադրոշմային տեղեկատվության ստանալու իրավունքի» սահմանումը օտարերկրյա պետությունների պահանջի դեպքում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ Նախագծում բացակայում են իրավական կարգավորում պահանջող մի շարք այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են` պետական մատնադրոշմային գրանցման նկատմամբ արտագերատեսչական (ընդհանուր) վերահսկողությունը, այն իրականացնող մարմինը, նրա լիազորությունները, քննարկվող ոլորտում ՀՀ կառավարության հստակ լիազորությունները, մատնադրոշմային քարտի` մատնադրոշմային տեղեկատվություն պարունակող ձեւաթղթի, նյութական կրիչների նմուշները սահմանող մարմինը, Նախագծում նշված մատնադրոշմային գրանցում իրականացնող մարմինների միջեւ նյութական կրիչների փոխանցման ժամկետները, կարգերը եւ այլն:

12. Նախագծի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «12-րդ հոդվածով» բառերը փոխարինել «12-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

13. Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ մասը, որը տալիս է մատնադրոշմային տեղեկատվության ոչնչացման հասկացությունը, առաջարկում ենք տեղափոխել Նախագծի 2-րդ հոդված, որտեղ սահմանված են հասկացությունները:

14. Նախագծի «Եզրափակիչ դրույթներ» գլխից անհրաժեշտ է հանել «Մատնադրոշմային գրանցման ֆինանսավորումը» վերնագրով 18-րդ հոդվածը, քանի որ այն չի վերաբերում եզրափակիչ դրույթներին:

15. Նախագծի 19-րդ հոդվածի «10-րդ օրը» բառերը փոխարինել «տասներորդ օրը» բառերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների տեսանկյունից նշենք հետեւյալը.

Քանի որ Նախագծում (10-րդ հոդվածի 2-րդ մաս, 14-րդ հոդված) նախատեսված է կառավարության որոշմամբ կարգեր սահմանել եւ դրանց համար ժամկետներ նախատեսված չեն, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. « Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են`

1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»: Հ ետեւաբար, առաջարկում ենք Նախագծում նախատեսել «Անցումային դրույթներ», որտեղկսահմանվեն կարգը սահմանող ՀՀ կառավարության համապատասխան որոշումների ընդունման ժամկետները:

Բացի վերը նշվածից, ուսումնասիրության արդյունքում նաեւ պարզվեց, որ Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հավանաբար հիշատակված է ՀՀ կառավարության 02.10.2003 թվականինընդունված N 1307-Նորոշումը«ՀՀ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մասին», որի 104-րդ կետով սահմանել է ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատված անձանց ցանկը, ինչը տարբերվում է կառավարության 27.05.2004 թ. N 944-Ն «ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման եւ իրականացման» կարգի 100-րդ կետումսահմանված համապատասխան անձանց ցանկից: Ըստ էության, ՀՀ կառավարության երկու որոշումներն էլ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 83.5 –րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներին, համաձայն որի. « Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում`

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ

պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը.», այլ կերպ ասած ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատված անձանց ցանկը անհրաժեշտ է սահմանել օրենքով:

Ելնելով վերոգրյալից, ներկայացված Նախագիծը լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                              Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ