ԻՎ-ե-108

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1182-30.05.2011-ՊԻ-010/0 ) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-11821 -30.05.2011-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածում եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածում «խոշտանգում» տերմինը իր մեջ ներառում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիայի 1-ին հոդվածում (այսուհետ` Կոնվենցիա) եւ ՀՀ քրեական օրենսգրքում այդ տերմինին տրված իմաստը:

Մեր խորին համոզմամբ, անկախ որեւէ նպատակից, սուբյեկտից եւ այլ հանգամանքներից, մարդու արժանապատվությունը, նրա իրավունքները եւ ազատությունները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ոտնձգությունից, ինչը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 3-րդ եւ 14-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքերի միջազգային դաշնագրով», ինչպես նաեւ այլ միջազգային փաստաթղթերով:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 5.1.-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ. «զուգորդված խոշտանգմամբ», այսինքն` սպանությունը զուգորդված խոշտանգմամբ, այն դեպքում, երբ առանձին դաժանությունը, որպես սպանությունը կատարելու եղանակ, ավելի լայն հասկացություն է, քան խոշտանգումը: Նշված հանգամանքը համընդհանուր ճանաչում ունի ինչպես իրավաբանական գրականության մեջ, այնպես էլ պրակտիկ աշխատողների շրջանում: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ քրեական օրենսգիրքը (104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ): Բացի այդ, խոշտանգում հանդիսացող արարքները, արդեն իսկ իրենցից առանձին դաժանություն են ներկայացնում: Այսպես, սպանության ծանրացնող հանգամանքների մեջ «առանձին դաժանությունը» մեկնաբանելիս նշվում է, որ այն կարող է կատարվել նաեւ խոշտանգելով, իսկ այդ դեպքում դժվար կլինի սահմանազատել խոշտանգման հասարակ կամ առանձին դաժանությամբ կատարված դեպքերը:

3.
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը` Օրենսգրքի 118-րդ հոդվածի վերնագիրը առաջարկում ենք.

ա) համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասին, համաձայն որի, այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, պետք է կիրառվի «կամ» շաղկապը եւ շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 118. Ծեծը կամ այլ բռնի գործողությունները»,

բ)1-ին մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.«1. Մեկ ուրիշին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություն կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ`» (տես` 104-րդ հոդվածի 1-ին մաս, 112-րդ հոդվածի 1-ին մաս,113-րդ հոդվածի 1-ին մաս, 114-րդ, 116-րդ եւ 117-րդ եւ այլ հոդվածներ),

գ)2-րդ մասի «112-րդ հոդվածով» բառերը առաջարկում ենք փոխարինել «112-րդ եւ 113-րդ հոդվածներով» բառերով:

4. Օրենսգրքի գործող 119-րդ հոդվածը  բովանդակում է ավելի  լայն կիրառման դրույթներ, ինչը նախատեսվում է Կոնվենցիայի 1-ին հոդվածով, քանի որ ըստ Նախագծի, բացի հանրային ծառայողի կամ նրա հրամանով, կարգադրությամբ կամ հանձնարարությամբ հանդես եկող անձի` Կոնվենցիայի 1-ին հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ նշված հոդվածը չի վնասում միջազգային որեւէ պայմանագրի կամ որեւէ ազգային օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել դրույթներ առավել ընդարձակ կիրառման համար, ուստի հարցի կարգավորման շրջանակները չի կարելի նեղացնել` չնայած որ նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը այդ հարցը փակում է, քանի որ այն վերաբերում է ոչ պաշտոնատար անձ հանդիսացող անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերին  ( հայտնի է, որ խոշտանգումը մեծ տարածում է գտել նաեւ ընտանեկան հարաբերություններում եւ հաճախակի խոշտանգման տուժողներ են հանդես գալիս անպաշտպան անձինք` կանայք, երեխաները եւ ծերերը):

5. Չնայած այն հանգամանքին, որ արարքի հիմնական օբյեկտը անձի կյանքն ու առողջությունն է, պատիվն ու արժանապատվությունը, որոնք գերակայում են քրեական օրենսդրությամբ պաշտպանվող մյուս շահերին, այնուամենայնիվ նկատի ունենալով, որ հանցակազմի սուբյեկտը` ըստ Նախագծի հանրային ծառայողն է , ուստի ա ռ աջարկում ենք ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի գործող 119-րդ հոդվածը եւ Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող նոր խմբագրությամբ 119-րդ հոդվածը (« Խոշտանգումը» հասկացությունը) տեղափոխել Օրենսգրքի «Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար սահմանված բաժին», քանի որ դրանով շեշտվում է նման արգելված վերաբերմունքի՝ պաշտոնատար անձի կողմից իրավախախտում կատարելու հանգամանքը, որը, անկասկած, նպաստավոր հիմքեր կստեղծի Կոնվենցիայի եւ ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի պահանջները ավելի արդյունավետ կերպով կիրառելու համար:

Ի դեպ Օրենսգրքում առաջարկվող փոփոխության` 119-րդ հոդվածում ամրագրված «հանրային ծառայողը» բառերը, ըստ երեւույթին վերցվել են Ազգային ժողովի կողմից 2011թվականի մայիսի 26-ին ընդունված, բայց Նախագիծը շրջանառության մեջ դնելու պահին ՀՀ Նախագահի կողմից դեռեւս չստորգրված եւ չհրապարակված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքից, մինչդեռ Օրենսգրքում օգտագործվում են « պաշտոնատար անձ» բառերը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Օրենսգրքում կատարել փոփոխություններեւ հանցակազմի միեւնույն սուբյեկտի դեպքում օգտագործել միեւնույն բառերը:

6. Քանի որ Օրենսգրքով մարդուն առեւանգելը կամ պատանդ վերցնելը հանդիսանում է քրեօրեն պատժելի արաքներ, հետեւաբար դրանք չեն կարող ընդգրկվել հանրային ծառայողի որեւէ լիազորությունների շրջանակում, ուստի առաջարկում ենք քննարկել 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի» բառերը հանելու հարցը:

7. Առաջարկում ենք քննարկելնաեւ Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ կետով.«11.1) զուգորդված խոշտանգմամբ,»լրացնելու հարցը, որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք:

8. Առաջարկում ենք փոփոխություններ կատարել նաեւ Օրենսգրքի 359-րդ եւ 375-րդ հոդվածներում, մասնավորապես, այդ հոդվածների սանկցիաներում, քանի որ բովանդակային առումով հիշյալ հոդվածները նույնպես խոշտանգման հատկանիշներ են պարունակում: Այս դեպքում խոշտանգման զոհը զինծառայողն է, իսկ խաշտանգում կատարողը`զինվորական պաշտոնատար անձը:

9. Նկատի ունենալով, որ, որպես պատժատեսակ, Օրենսգրքի 59-րդ հոդվածը ազատազրկում է սահմանում երեք ամuից 20 տարի ժամկետով, ուստի առաջարկում ենք անդրադառնալ նաեւ Նախագծով առաջարկվող պատժաչափերին:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Մխիթարյան, հեռ. 513-273

Ս.Համբարձումյան, հեռ. 513-650