Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-936-28.06.2010-ՏՀ-010/0 )

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին եւ օրենսդրական տեխնկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 128-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:

Այսպես, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հողամասի նկատմամբ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքների կամ հողամասերի օգտագործման նկատմամբ իրավունքների սահմանափակումների ծագման հիմք է հանդիսանում հողամասի նկատմամբ իրավունք սահմանող դատական ակտը: Ըստ Նախագծի տրամաբանության` այդ դրույթը չի տարածվելու պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի վրա:

Ստացվում է, որ` մի կողմից, սահմանափակվում է անձի` Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, մյուս կողմից, դատական ակտով, որպես կանոն, կարող է սահմանվել միայն հողամասի նկատմամբ իրավունքը, բայց ոչ` պետական կամ համայնքային սեփականության հողամաս տրամադրելը կամ հատկացնելը: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ ներկայացված առաջարկությունը հստակեցման կարիք ունի` անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի իրացման տեսանկյունից:

2. Նախագծի 8-րդ հոդվածում «մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած օբյեկտներով» բառակապակցությունն առաջարկում ենք հստակեցնել:

3. Նախագծի 13-րդ հոդվածի վերաբերյալ առաջարկում ենք նախատեսվող լրացումը հստակեցնել կամ քննարկել այն հանելու մասին հարցը, քանի որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի 7.1-րդ մասի «օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով» բառակապակցության բովանդակությունից եւ համակարգային առումով փոխկապակցված այլ դրույթների վերլուծությունից հետեւում է, որ վարձակալությամբ շենքեր եւ շինություններ կառուցելու նպատակով տրամադրվելու դեպքերում խոսք կարող է գնալ միայն քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի մասին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                       Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

26 հուլիսի 2010 թ.

N 111