ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիրսոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-926-04.06.2010-ՍՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիրսոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանու-թյան տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի ամբողջ տեքստում «նպաստը վճարվում է», «նպաստը տրվում է» եւ «նպաստը տրամադրվում է» բառակապակցություններն առաջարկում ենք հստակեցնել եւ բացառել դրանց տարբեր իմաստներով կիրառելու հնարավորությունը` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ եւ 42-րդ հոդվածների պահանջները:

2. Նախագծի 2-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 17-րդ եւ մի շարք այլ հոդվածների վերնագրերն անհրաժեշտ է հստակեցնել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի պահանջները:

3. Նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «այլ իրավական ակտերով» բառակապակցությունից հանել «այլ» բառը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված» բառն առաջարկում ենք փոխարինել «նախատեսված» բառով:

5. Նախագծի 4-րդ հոդվածում «վարձու աշխատողները» եւ «ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք» հասկացությունները հստակեցման կարիք ունեն:

Նույն հոդվածի 2-րդ մասում եւ 5-րդ հոդվածում «կատարած լինելու» բառակապակցությունը առաջարկում ենք փոխարինել «կատարելու» բառով:

Նույն հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք քննարկել «(անկախ լուծվելու հանգամանքից)» բառակապակցությունը հանելու կամ հստակեցնելու մասին հարցը:

6. Նախագծի 6-րդ հոդվածն առաջարկում ենք ներառել «Ընդհանուր դրույթներ» գլխում:

Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի բովանդակությունը չի համապատասխանում հոդվածի վերնագրին, քանի որ դրանք ավելի շատ սահմանում են պարտականություններ, իսկ 2-րդ մասի 2-րդ պարբերությունը տալիս է աշխատանքային օրերի սահմանումը:

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում եւ 16-րդ հոդվածի 1-ին մասում «բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի» բառերն առաջարկում ենք տեղափոխել հիմնական մտքից հետո:

Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը նախատեսում է « … վարձու աշխատողի նպաuտը ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:»: Հիշյալ դրույթի կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել, թե անաշխատունակության առաջին երեք օրվա համար ի՞նչ միջոցներից են վճարելու գործատուները, որոնց ֆինանսավորման միակ աղբյուրը պետական բյուջեն է եւ որոնք չունեն որեւէ այլ եկամուտ:

Նույն հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերությունների վերջին «հաշվին» բառն առաջարկում ենք հանել, իսկ «միջոցների» բառը փոխարինել «միջոցներից» բառով:

7. Նախագծի 10-րդ հոդվածում «բուժական հաuտատությունից (uտացիոնարից) անմիջապեu առողջարան բուժման ուղարկված» բառակապակցությունն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ նշված դրույթի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ հիվանդը հենց հիվանդանոցից անհապաղ պետք է մեկնի առողջարան:

8. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում հիշատակված նպաստները նախատեսված են օրացույցային օրերի համար: Մինչդեռ, ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջոցով` ըստ Նախագծի 3-րդ հոդվածի տրամաբանության, նախատեսվում է փոխհատուցել անձանց ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը): Դա, ինքնին, ենթադրում է, որ աշխատավարձը վճարվում է աշխատանքային օրերի, այլ ոչ թե օրացույցային օրերի համար, եւ հենց այդ տրամաբանությամբ էլներկայացված Նախագծի մյուս հոդվածներին (10-րդ, 11-րդ. 12-րդ) համապատասխան, նպաստները վճարվում են աշխատանքային օրերի համար:

Միաժամանակ, Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը հակասության մեջ են մտնում ինչպես մյուս հոդվածների, այնպես էլ` Նախագծի տրամաբանության հետ:

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալն, առաջարկում ենք Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում «օրացույցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով, իսկ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերջին նախադասությունն առաջարկում ենք խմբագրել` հանելով «Ընդ որում» բառը:

9. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունից առաջարկում ենք հանել «առաջացած» եւ «դեպքում» բառերը` բացառելով դրանց տարաբնույթ ընկալումը:

10. Նախագծի 14-րդ եւ 15-րդ հոդվածները լրացուցիչ քննարկման եւ հստակեցման կարիք ունեն: Բացի այդ` 14-րդ հոդվածը նախատեսում է նպաստի վճարում «գործատուի նախաձեռնությամբ», ինչը, ըստ Նախագծի տրամաբանության, կրում է ոչ թե պարտադիր բնույթ, այլ` հայեցողական:

11. Նախագծի 18-րդ հոդվածում` «միայն հիվանդանոցային բուժական հաստատությունում» բուժվելու եւ «60 օրացուցային օրից ոչ ավել» ժամանակահատվածի վերաբերյալ դրույթներն առաջարկում ենք քննարկել տվյալ խումբ անձանց նպաստի իրավունքի արդյունավետ իրացման համար ոչ հավասար պայմանների առաջադրման տեսանկյունից:

12. Նախագծի 23-րդ հոդվածում «քրեակատարողական հիմնարկում գտնվող ազատազրկված դատապարտյալին նպաuտի հաշվարկման եւ վճարման կարգն առաջարկում ենք սահմանել օրենքով` նկատի ունենալով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց` բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիրսոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                            Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

01 հուլիսի 2010 թ.

N 102

Կատարող`Իրավական փորձաքննության եւ Իրավախորհրդատվական բաժիններ