Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հակամենաշնորհային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-923-02.06.2010-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Արա Նռանյանի, Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հակամենաշնորհային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ Հայաստանի Հանրապետության մի շարք այլ օրենքներում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալը .

1. Նախագծի 1-ին հոդվածը վերնագրված է «Օրենքի նպատակները» վերտառությամբ: Մինչդեռ, կարծում ենք, որ առավել նպատակահարմար է այն վերնագրել «Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակները»:

Նույն հոդվածի 1-ին մասի «ինչպես նաեւ սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջավայր ու պայմաններ» բառակապակցությունը նույնությամբ ամրագրված է նաեւ նույն հոդվածի 2-րդ մասի վերջնամասում: Ստացվում է, որ օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը նույնականանում են, եւ այդ կապակցությամբ անհրաժեշտ է դրանք հստակ տարանջատել միմյանցից:

Միաժամանակ, Նախագծի 1-ին հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ հանրային ծառայությունների կարգավորման հետ կապված հարաբերությունների իրավակարգավորումները միավորվել են, ինչը, մեր կարծիքով, խնդրահարույց է հենց միեւնույն օրենքի կարգավորման տարբեր առարկաների առկայության տեսանկյունից:

Նախագծի 1-ին հոդվածի եւ ամբողջ տեքստում օգտագործվող «ապրանքային շուկա» հասկացությունը հստակեցման կարիք ունի:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում տրված «ապրանք» հասկացության բովանդակությունը նեղացված է եւ այն հստակեցման կարիք ունի, քանի որ խոսքը գնում է միայն առուվաճառքի ու փոխանակման ենթակա առարկաների եւ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ հատուցման ձեւով կատարած աշխատանքի ու մատուցած ծառայությունների մասին:

Միաժամանակ, առաջարկում ենք նույն ենթակետից հանել «օրենսդրորեն չարգելված» բառակապակցությունը, քանի որ խոսքը քաղաքացիական իրավունքի այն օբյեկտների մասին է, որոնց շրջանառությունն արգելված չէ:

Նույն կետում «փոխհատուցման» բառն առաջարկում ենք փոխարինել «հատուցման» բառով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում օգտագործվում է «հատուցում» տերմինը:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես տնտեսվարող սուբյեկտ, նշված են ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, առեւտրային կազմակերպություն, ինչպես նաեւ անձանց խումբ: Մինչդեռ, որոշակի դեպքերում, տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն են իրականացնում նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունները (ՊՈԱԿ-ներ, հիմնադրամներ եւ այլն):

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ գործող ՀՀ օրենսդրությունը չի սահմանում «անձանց խումբ» հասկացությունը եւ այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծից հանել «անձանց խումբ» բառերը: Միաժամանակ, հիշյալ կետն անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասին:

4. Նախագծի 3-րդ հոդվածը, ըստ էության, անհրաժեշտ է միավորել Նախագծի 1-ին հոդվածի հետ` հակասություններից խուսափելու համար: Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի «բնական մենաշնորհ հանդիսացող կազմակերպություններ» եւ «էներգետիկ համակարգ» հասկացությունները հստակեցման կարիք ունեն կամ անհրաժեշտ է տալ դրանց նորմատիվային սահմանումը:

Նույն հոդվածի 1-ին մասում «ձեռներեցները» բառն առաջարկում ենք փոխարինել «ձեռնարկատերերը» բառով` հաշվի առնելով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի պահանջները:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի «օրենսդրորեն» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենք» բառով` նկատի ունենալով խորհրդի լիազորությունները միայն օրենքով սահմանելու սույն օրենքի պահանջը:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Խորհրդի իրավասությունները, գործառույթները, պատասխանատվության շրջանակները, կառավարման մարմինները, հաշվետվողականությունն ու համապատասխան ֆինանսավորման մեխանիզմները կանոնակարգվում են օրենքով»: Հիշյալ դրութն ենթադրում է, որ Հակամենաշնորհային կարգավորման խորհրդի իրավական կարգավիճակը սահմանող առանձին դրույթները պետք է սահմանվեն այլ օրենքով, հակառակ դեպքում օրենքը չի կարող դիտարկվել լիակատար ու ավարտված եւ կարգավորել նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, հակամենաշնորհային մարմնի աշխատանքային ծրագրի եւ հաշվետվության «չհաստատումն ենթադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հակամենաշնորհային մարմնի ղեկավարի նոր թեկնածուի ներկայացում»:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ անընդունելի է օրենքում օգտագործել «ենթադրվում է» բառը: Այնուհետեւ, հարկ է նկատել, որ տվյալ կետը հակասում է նույն Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի` Հակամենաշնորհային մարմնի ղեկավարին նշանակում է ՀՀ Նախագահը` ՀՀ Վարչապետի ներկայացմամբ:

Միաժամանակ, Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասը հակասում է նաեւ Սահմանադրության 62-րդ հոդվածին, քանի որ Ազգային ժողովին Հակամենաշնորհային մարմնի ղեկավար նշանակելու իրավասություն ՀՀ Սահմանադրությունը չի վերապահել:

Նույն հոդվածի 7-րդ եւ 3-րդ մասերում անհարկի կրկնվում են «խորհուրդն ունի առանձնացված բյուջե» բառերը: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ «առանձնացված բյուջե» ունենալու վերաբերյալ դրույթը չի բխում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է 7-րդ հոդվածի 1-ին մասի վերջին պարբերությանը: Ընդ որում, եթե տվյալ կետի համաձայն` Հակամենաշնորհային կարգավորման խորհրդի իրավասությունները եւ լիազորությունների շրջանակը սահմանվում է «սույն օրենքով եւ կանոնադրությամբ», մինչդեռ, Նախագծի 7-րդ հոդվածից ենթադրվում էր, որ այդ լիազորությունները եւ իրավասությունները սահմանվում են «օրենքով»: Միաժամանակ, գտնում ենք, որ այդ խորհրդի կանոնադրությամբ` վերջինիս չի կարող վերապահվել լիազորություններ կամ իրավասություններ, եթե այդ կանոնադրությունը չի ընդունվում օրենքի տեսքով:

Նույն հոդվածի 3-րդ մասում «մինչեւ հինգ տարի» բառակապակցությունը առաջարկում ենք հստակեցնել, քանի որ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` խորհրդի նշանակովի անդամները նշանակվում են երեքից հինգ տարի ժամկետով:

Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն քաղաքացիական հասարակության կողմից ընտրվող խորհրդի անդամների ընտրությունը կազմակերպվում է օրենքով սահմանված կարգով անցկացվելիք «բաց եւ թափանցիկ ընտրության մեխանիզմով»: Մինչդեռ, այդպիսի կարգ սույն նախագծով չի նախատեսվում, իսկ եզրափակիչ դրույթներում նման օրենքի ընդունման վերաբերյալ դրույթը բացակայում է:

Նույն հոդվածի 4-րդ մասն անհրաժեշտ է միավորել 3-րդ մասի հետ եւ 3-րդ մասում «խորհրդի 7 անդամները» բառերը փոխարինել «խորհրդի նախագահին, 3 տեղակալներին եւ 3 անդամներին» բառերով: Միաժամանակ, նույն 4-րդ մասն ամբողջությամբ հստակեցման կարիք ունի, քանի որ դրա բովանդակությունից հետեւում է, որ միայն Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող 7 անդամներն են պատասխանատվություն կրելու իրենց աշխատանքների համար, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ընտրված մնացած 6 անդամների համար պատասխանատվություն սահմանված չէ:

Նույն հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությունը` ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության կողմից խորհրդի նախագահի թեկնածուի առաջադրման առաջնահերթության իրավունքի վերաբերյալ, հակասում է նույն հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն` խորհրդի 7 անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Վարչապետի ներկայացմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ հիշատակված դրույթը չի բխում Սահմանադրության 62-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն` Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Նույն հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «կառավարության ոլորտում աշխատանքային փորձ ունեցող» (5-րդ մաս) եւ «լինել ներկայացուցչական որեւէ մարմնի անդամ» (6-րդ մաս) բառակապակցությունները:

Նույն հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 2-րդ ենթակետերով ամրագրված պահանջները կրկնում են 5-րդ մասում ամրագրված դրույթի միտքը, ուստի առաջարկում ենք դրանք հստակեցնել:

Միաժամանակ, նույն մասի 4-րդ ենթակետում առաջարկում ենք ավելացնել «որոնց դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ» բառերը, իսկ 5-րդ ենթակետի «փոխկապակցված անձ» հասկացությունը հստակեցման կարիք ունի, քանի որ տարբեր օրենքներում փոխկապակցված անձանց տարբեր շրջանակներ են ամրագրվել:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն` խորհուրդը սահմանում է իր աշխատակիցների ընտրության մեխանիզմներ, մինչդեռ, աշխատակիցները ոչ թե ընտրվում են, այլ` նշանակվում են: Բացի այդ` կարծում ենք, որ այդ աշխատակիցները պետք է հանդիսանան քաղաքացիական ծառայողներ եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվեն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով:

Նույն հոդվածի 9-րդ մասում ամրագրված դրույթը, ըստ որի` խորհրդի աշխատակիցների թվաքանակը հաստատում է Խորհուրդը` համաձայնեցնելով ՀՀ վարչապետի հետ, ուղղակիորեն հակասում է Նախագծի 7-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթին, համաձայն որի` խորհուրդն «անկախ է պետական այլ մարմիններից եւ ունի առանձնացված բյուջե»:

8. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն` բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները …:

9. Նախագծի 11-րդ հոդվածի 5-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե այդ եզրակացությունները պարտադիր իրավական ուժ ունեն, թե՞ ոչ: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի ընդունման դեպքում` անհրաժեշտություն կառաջանա համապատասխան լրացում կատարել նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում:

10. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասը չի բխում ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի` պետական բյուջեի նախագծի Ազգային ժողովի քննարկման ներկայացնելու վերաբերյալ ամրագրված նորմի պահանջներից: Միաժամանակ, նույն հոդվածի դրույթներն հակասում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքների մի շարք դրույթներին:

11. Նախագծի 24-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «հասարակական վերահսկողություն» հասկացությունը, դրա իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ այն իրականացնող սուբյեկտների շրջանակը:

12. Նախագծի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերում «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները:

Միաժամանակ, նույն հոդվածով եւ Նախագծի այլ հոդվածներով (26-րդ, 27-րդ, 28-րդ) ամրագրվել են պատասխանատվությունը սահմանող դրույթներ, ինչը, մեր կարծիքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի կարգավորման առարկա է: Ուստի, առաջարկում ենք հանել կամ հստակեցնել Նախագծի 7-րդ բաժինը:

13. Նախագծի 27-րդ հոդվածում «փոխհատուցում» բառը առաջարկում ենք փոխարինել «հատուցում» բառով:

14. Նախագծի 28-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները:

15. Նախագծի 29-րդ հոդվածը ենթակա է վերախմբագրման, քանի որ խորհրդի ընդունած որոշումները իրենցից ներկայացնում են վարչական վարույթ եւ դրանց բողոքարկման ու կասեցման կարգը սահմանված է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, իսկ դատական կարգով բողոքարկման հետ կապված հարաբերություն-ները կարգավորվում են դատավարական համապատասխան օրենսգրքերով:

16. Նախագծի 30-րդ հոդվածի վերնագիրը կրկնում է Նախագծի 28-րդ հոդվածի վերնագիրը, ինչի կապակցությամբ առաջարկում ենք հիշյալ հոդվածները միավորել: Միաժամանակ նույն հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները:

17. Նախագծի 31-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «Հակամենաշնորհային մարմինը ստեղծվում է Նախագահի հրամանագրի հիման վրա` սույն օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում …», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, մինչեւ «հակամենաշնորհային մարմնի ձեւավորումը` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացնում են իրենց իրավասությունները եւ լիազորությունները»: Մինչդեռ, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն հակամենաշնորհային մարմինը գործում է 2012 թվականի հունվարի 1-ից:

Հիշատակված դրույթների վերլուծությունից հետեւում է այնպիսի իրավիճակի առկայություն, երբ խորհուրդը կարող է ձեւավորված լինել 2010-2011 թվականներին, սակայն, իրավասու է գործել միայն 2012 թվականի հունվարի 1-ից:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ Նախագիծը լրամշակման կարիք ունի:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                             Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

30 հունիսի 2010 թ.

N 101

Կատարող` Իրավախորհրդատվական բաժին

Ա.Սարգսյան, հեռ. 588-425