ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-879-23.04.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Միքայել Մանուկյանի, Ռուզան Առաքելյանի եւ Արտյուշա Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հա՟յաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վար՟չությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոն՟ներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի վերաբերյալ հարկ է նշել, որ Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության դատապարտման հարցին անդրադառնալու անհրաժեշտությունը չկա, քանի որ գտնում ենք, որ կարող է կարծիք ձեւավորվել այն մասին, թե Հայաստանում դեռեւս չկա ձեւավորված միասնական մոտեցում ցեղասպանության հարցի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է նշված հոդվածի 2-րդ մասին, ապա գտնում ենք, որմիջազգային իրավական պատասխանատվությունը չի կարող դառնալ քննարկվող օրինագծի առարկա:

2. Նախագծի 3-րդ հոդվածի բովանդակությունից պարզ չի դառնում թե ինչպիսի կարգավիճակ ունի հանձնաժողովը: Միայն, նշված հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ օրենքի ուժով ստեղծվում է հանձնաժողով կամ լիազորված մարմին, որի կազմը, լիազորությունները, ինչպես նաեւ գործունեության կարգը սահմանվում են ուղենիշներով եւ հանձնաժողովի կանոնակարգով:

Այդ առումով անհրաժեշտ է հստակեցնել այն հարցը, թե, ի վերջո, օրենքի ուժով ինչպիսի մարմին է ստեղծվելու եւ ինչպիսի կարգավիճակ է այն ունենալու:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանձնաժողովը ստեղծվում է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման պետական քաղաքականության համակարգման, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման եւ 2011-2015 թթ. ժամանակահատվածում միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար:

Կարեւորելով վերոնշյալ հանձ՟՟նաժողովի ստեղծումը, գտնում ենք, որ այն կարող է ստեղծվել Հայաստանի Հան՟րա՟պե՟տության Նախագահի հրա՟մա՟նագրով:

Բացի այդ, Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման ուղենիշների (այսուհետ` Ուղենիշներ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանձնաժողովի աշխատակազմի գործառույթներն իրականացվում են կազմակերպության միջոցով: Գտնում ենք, որ նման մոտեցումը չի համապատասխանում Հայաս՟տանի Հան՟րապետության օրենսդրության պահանջներին եւ հանձնաժողովի աշխատակազմի գործա՟ռույթները չեն կարող իրականացվել առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպության միջոցով:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «համապատասխան տեղեկատվության տրամադրումը» արտահայտությունը պարզաբանման կարիք ունի, մաս՟նավորապես, պարզ չէ, թե խոսքն ինչ բնույթի տեղեկատվության մասին է եւ ինչ կարգով այն պետք է տրամադրվի:

5. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել «հասարակական վերահսկողություն» հասկացությունը, ընդ որում, պարզ չէ, թե խոսքն ինչ «հասա՟րակական վերահսկողության» մասին էեւ ինչ կարգովայն պետք է իրականացվի:

6. Նախագծի 8-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ սույն օրենքի պահանջների խախտումը չի կարող առաջացնել վարչական կամ քրեական պատասխանատվություն, քանի որ համապատասխան դրույթներ նախատեսված չեն Վարչական իրավա՟խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ Հայաստա՟նի Հանրապետության քրեական օրենսգրքով:

7. Առաջարկում ենք նաեւ խմբագրել Նախագծի հոդվածների համարակալումը:

8. Ինչ վերաբերում է Ուղենիշներին, ապա, կարծում ենք, որ Ուղենիշների 5-րդ հոդվածը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն` Ազգային ժողովի լիազորությունները uահմանվում են Uահմանադրությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, մեր կարծիքով, անհրաժեշտություն չկա Հայոց ցեղասպանության հետ կապված պատմական փաստեր, իրադարձություններ նշել օրենքի նախագծով, քանի որ որոշակի փաստեր կարող են չնախատեսվել, բաց թողնվել, ինչն էլ օրենքի ընդունման դեպքում կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությանիրողությունը:

Գտնում ենք նաեւ, որ անհրաժեշտ է հստակեցնել թե Նախագծով նախատեսված ծրագրերը եւ միջոցառումները ինչ կարգով պետք է ֆինանսավորվեն եւ ինչքանով է այդ ֆինանսավորումը նպատակահարմար միայն պետական բյուջեի միջոցների հաշվին:

Հայոց ցեղասպանության դատապարտման եւ, ընդհանրապես, ցեղասպանության կանխարգելման եւ պատժման համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է համապատասխան օրենսդրական դաշտ, որը լիովին արտահայտում է այս ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակման համար պետք է ոչ թե օրենք ընդունել, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատել միջոցառումների ցանկ եւ ապահովել այդ միջոցառումների պատշաճ կատարումը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                      Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

20 մայիսի 2010 թ.

N67

Կատարող` Ս. Գեւորգյան, հեռ. 588585