Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-747-29.10.2009, 10.03.2010-ՊԻ-010/0) լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) լրամշակված տարբերակը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետու-թյան Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծով ներկայացված առաջարկությունը ոչ այնքան «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի կարգավորման խնդիր է, որքան Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ստորագրված միջպետական համաձայնագրի կարգավորման առարկա:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման պարագայում խոսք չի կարող գնալ օրենքի առջեւ օտարերկրացիների, այդ թվում` այլ երկրներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների հավասարության մասին, ինչը, կարծում ենք, խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումն առաջարկում ենք վերախմբագրել հետեւյալ բովանդակությամբ «Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախք եւ Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ/կամ բնակվող հայազգի քաղաքացիների վրա, ովքեր Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գտնվել առանց ժամկետի սահմանափակման»:

Բացի վերոգրյալից` Նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանել կացության նոր կարգավիճակ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                           Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

31 մարտի 2010թ.N 36

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659