Եզրակացություն

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-828-16.02.2010-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության պատգամավորներԱնահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի, Զարուհի Փոստանջյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Օրենքի նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ներկայացված Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքի նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Օրենքի նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները.

Օրենքի Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետում «կարգով» բառը փոխարինել «դեպքում» բառով, ինչի արդյունքում պետական լիազոր մարմինը պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման մարմինների ձեւավորումը եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը պետք է իրականացնի տվյալ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքում:

Նախ, անհրաժեշտ է նշել, որ` եթե «կարգ» հասկացությունն ընկալվում է որպես կանոն, որի ժամանակ օրենքներն ու կարգադրությունները պետք է կատարվեն անշեղորեն, ապա «դեպքը» դա այն իրադարձությունն է, որը կատարվում է կամ վրա է հասնում ժամանակի ընթացքում եւ տարածության մեջ: Այդ տրամաբանությամբ, կարծում ենք, խիստ խնդրահարույց է «կազմակերպության կառավարման մարմինների ձեւավորումն» իրականացնել «կանոնադրությամբ սահմանված դեպքերում»:

Իսկ ինչ վերաբերում է պետական կազմակերպության կառավարման մարմնի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը, ապա, մեր կարծիքով, դա կարող է իրականացվել կանոնադրությամբ նախատեսված դեպքերում, բայց պահպանելով սահմանված կարգի պահանջները:

Ուստի, առաջարկում ենք քննարկել ներկայացված առաջարկության հստակեցման կամ նպատակահարմարության մասին հարցը:

Օրենքի նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

12 մարտ 2010թ.

N 26

Կատարողներ` Իրավախորհրդատվական բաժին

Ա.Դանիելյան, Մ.Գեղամյան, հեռ. 588-616