Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի 
(փաստաթղթային կոդ` Կ-824-12.02.2010-ԱՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, Արտյուշ Շահբազյանի եւ Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

1.1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ. «Վավերացման փուլում միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահումը եւ (կամ) հայտարարությունը սահմանում են Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Ազգային ժողովը»: «Վերապահման կամ հայտարարության սահմանում» բառերը, մեր կարծիքով, հստակեցման կարիք ունեն, քանի որ, օրինակ` կարելի է սահմանել հայտարարության ձեւը, եւ ոչ թե հայտարարությունը:

1.2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 31.1-րդ հոդվածով` հետեւյալ վերնագրով. «Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից չեղյալ հայտարարելը»: «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Կոնվենցիայի 5-րդ մասի 3-րդ բաժինը, ինչպես նաեւ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում են ՀՀ միջազգային պայմանագրերի գործողության դադարման հիմքերը: Ընդ որում, Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասիի 2-րդ եւ 3-րդ կետերը որպես գործողության դադարման հիմք են սահմանում «չեղյալ հայտարարելը»: Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված է. «Եթե միջազգային պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից...»: Ստացվում է, որ ՀՀ միջազգային պայմանագրի գործողությունը` նույնն էուժի մեջ մտած լինելը, կարող է դադարեցվել «չեղյալ հայտարարելու» հիմքով: Մինչդեռ Նախագծով խոսքը վերաբերում է մինչեւ ուժի մեջ մտած ՀՀ միջազգային պայմանագրին: Նման հակասությունից խուսափելու համար առաջարկում ենք դրույթի «չեղյալ հայտարարել» բառերը փոխարինել մեկ այլ բառով:

1.3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքը լրացնել նոր` 31.1-րդ հոդվածով, որի 1-րդ եւ 2-րդ մասերը սահմանում են այն հիմքերը, որոնց առկայության դեպքում ուժի մեջ մտած միջազգային պայմանագիրը կարող է «չեղյալ հայտարարվել»: Չնայաց այն հանգամանքին, որ այդ հիմքերը բացառապես արտացոլում են «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի 5-րդ մասի 2-րդ բաժինը, այնուամենայնիվ առաջարկում ենք վերոնշյալ հիմքերը չսահմանափակել, առավել եւս, որ Կոնվենցիայով այդ հարցում սահմանափակում չի նախատեսվում: Որպես օրինակ նշենք «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» ՌԴ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի. «Միջազգային պայմանագրի գործողության դադարման կամ կասեցման առաջարկությունն... իր մեջ պետք է ներառի միջազգային պայմանագրի դադարման կամ կասեցման հիմնավորված բացատրություն, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի դադարման կամ կասեցման արդյունքում ֆինանսատնտեսական եւ այլ ոլորտի հետեւանքների մասին գնահատական...»:

Վերոնշյալ առաջարկն ընդունելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաեւ վերախմբագրել լրացվող 31.1-րդ հոդվածի 3-րդ մասը, ըատ որի. «Մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից չեղյալ են ճանաչում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված մարմինները»:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Միաժամանակ նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի փոտրվարի 10-ին ընդունվել է «Հայսատանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (փաստաթղթային կոդ` Կ-829-17.02.2010-ԱՀ-010/1), որով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր` 38.1-րդ հոդվածով: Ներկայացված Նախագիծը մասամբ կրկնում է վերոնշյալ հոդվածի դրույթները: Ուստի, կրկնությունից խուսափելու համար, առաջարկում ենք վերախմբագրել Նախագծով առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

03 մարտի 2010թ.

N 18

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659