Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Պ-762-11.11.2009-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Այվազյանի եւ Վարդան Բոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանա-գրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծըհամապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ նկատառումները.

Բնապահպանական վճարը` որպես տարբեր վճարատեսակների հավաքական հասկացություն եւ բնապահպանական միջոցառումների իրականացման համար վճարվող պարտադիր վճար, ունի վճարի իր օբյեկտը, առարկան, դրույքաչափերը, հաշվարկման մեթոդաբանությունը եւ այլն:

Ի տարբերություն հարկի, բնապահպանական վճարատեսակների գծով գրեթե անհնար է բացառել կրկնակի վճարումը, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ բնապահպանական վճարների վճարման օբյեկտները եւ առարկան խիստ տարբեր են: Օրինակ, ներմուծված բենզինի դիմաց բնապահպանական վճարի օբյեկտը ներմուծված ապրանքի (բենզինի) մաքսային արժեքն է, իսկ ուղեւորափոխադրումներով զբաղվող ձեռներեցի կողմից վճարվող վճարի օբյեկտը`տրանսպորտային միջոցից արտանետված վնասակար նյութերի ծավալն է: Այս պարագայում, կարծում ենք, խնդրահարույց է Նախագծով ներկայացված առաջարկության տրամաբանությամբ կրկնակի վճարման բացառման հնարավորությունը` այն դեպքում, երբ միեւնույն վճարման ենթակա օբյեկտի մասին բերված օրինակով խոսք չի կարող գնալ:

Այնուամենայնիվ, բնապահպանական վճարի գծով կրկնակի վճարումը բացառող ինստիտուտի սահմանման նպատակով, առաջարկում ենք հստակեցնել Նախագծով ներկայացված առաջարկությունը եւ համակարգային առումով կատարել փոփոխու-թյուններ առնվազն «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                 Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ


9 դեկտեմբերի 2009թ.

N 49

Կատարողներ`Իրավական փորձաքննության բաժին

Ա.Մխիթարյան, Ք. Գեովշանյան, հեռ. 588-636