Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-747-29.10.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել, որ Նախագծով ներկայացված առաջարկությունը ոչ այնքան «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի կարգավորման խնդիր է, որքան Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ կնքված միջպետական համաձայնագրի կարգավորման առարկա:

Ասվածը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալառավելագույնը 90 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Նախագծի ընդունման պարագայում խոսք չի կարող գնալ օրենքի առջեւ օտարերկրացիների, այդ թվում` այլ երկրներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների հավասարության մասին, ինչը, կարծում ենք, խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածին համապատասխանության տեսանկյունից:

2. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «եւ բնակվող» բառերը փոխարինել «եւ/կամ բնակվող» բառերով:

4. Առաջարկում ենք հստակեցնել Նախագծով ներկայացված տեղանունները:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                               Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

25 նոյեմբերի 2009թ.

N 31

Կատարողներ` Իրավական փորձաքննության բաժին,

Մ. Հակոբյան, հեռ. 588-659

Իրավախորհրդատվական բաժին,

Ա. Դանիելյան, Ս. Համբարձումյան, հեռ. 588-472