Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-734-08.10.2009-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Արտյուշ Շահբազյանի, Վահան Հովհաննեսյանի, Գագիկ Գեւորգյանի, Արա Նռանյանի, Լիլիթ Գալստյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Արայիկ Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Նախագիծը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

3. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

4. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

ա) Նախագծի 1-ին հոդվածի առաջին պարբերությունն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թվականի, ՀՕ-106, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի»:

բ) Նախագծով առաջարկվում է բռնադատվածներին արտոնյալ պայմաններով տրամադրվող երկարաժամկետ վարկը փոխարինել ֆինանսական աջակցությունով:Մինչդեռ, անհրաժեշտ է հստակեցնել տրամադրվող ֆինանսական աջակցության չափը եւ դրա տրամադրման կարգն ու պայմանները:

գ) Օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում: Միաժամանակ, Նախագծով ներկայացված առաջարկություններն առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեքստում:

դ) Նախագծի 3-րդ հոդվածն ամբողջությամբ հստակեցման կարիք ունի, ինչը պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ վարկառուների նկատմամբ միաժամանակ չի կարող կիրառվել վարկային պարտավորության ինչպես գումարի, այնպես էլ դրա տոկոսի եւ տույժի գծով վճարային պարտավորություններից ազատում:

ե) Նախագծի վերջին հոդվածի «Հոդված 3.» համարակալումն առաջարկվում է փոխարինել «Հոդված 4.» համարակալումով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

04 նոյեմբերի 2009 թվական

N19

Կատարողներ` Ա.Դանիելյան, հեռ. 588-616

Ս. Համբարձումյան հեռ. 588-472