Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-720-28.09.2009-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 265-րդ հոդվածը շարադրել նոր` հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցներ վարող այն վարորդների կամ մյուս այն անձանց, որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրանք գտնվում են ոչ սթափ վիճակում (ալկոհոլի հոտ, դիրքի անկայունություն, խոսքի աղավաղվածություն, ձեռքի մատների դող, իրադրությանը չհամապատասխանող պահվածք, ալկոհոլային խմիչք օգտագործելու վերաբերյալ անձի խոստովանություն) ենթակա են տեղում սթափության վիճակի գործիքային ստուգման: Նշված անձանց տեղում ոչ սթափ վիճակի ստուգումն անհրաժեշտության դեպքում բուժհիմնարկ բերման ենթարկելը եւ բուժհիմնարկում նրանց ստուգման անցկացումը կատարվում է ՀՀ կառավարության կողմից որոշվող կարգով»: Անհրաժեշտ է նշել, որ «ոչ սթափ վիճակում» բառերից հետո փակագծերում նշված դեպքերը, կարծում ենք, պետք չէ սահմանափակել, քանի որ հնարավոր է լինեն այլ պատճառներ եւս, որոնց առկայության դեպքում կարիք կառաջանա վարորդին կամ մյուս անձանց տեղում ենթարկել սթափության վիճակի գործիքային ստուգման: Ուստի առաջարկում ենք քննարկել այդ դեպքերը տեքստից հանելու մասին հարցը:

Միաժամանակ, «որոշվող կարգով» բառերն առաջարկում ենք փոխարինել «սահմանված կարգով» բառերով:

Նախագծով ներկայացված «գործիքային ստուգման» վերաբերյալ դրույթն ամբողջությամբ հստակեցման կարիք ունի: Դա պայմանավորված է այն հիմնավորմամբ, որ «գործիքային ստուգման» միջոցով սթափության վիճակը որոշելը բացառապես օրենքի կարգավորման առարկա է եւ միաժամանակ խնդրահարույց` բժշկական մասնագիտություն չունեցող անձանց կողմից այդպիսի ստուգում իրականացնելու առումով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

22 հոկտեմբերի 2009 թվական

N 2

Կատարողներ`
Մ. Հակոբյան հեռ. 588-659
Ա. Քոչարյան հեռ. 588-585