Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Պ-704-16.09.2009-ՊԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուզաննա Առաքելյանի, Արա Նռանյանի եւ Վահան Հովհաննեսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչությունում:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատաս՟խանու՟թյան տեսանկյունից ներկայացված օրենքի Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումները.

ա) Նախագծով ամրագրված առաջարկի վերլուծությունից հետեւում է, որ տվյալ տարածքում սեփականատերերի սեփականության իրավունքի իրացման պարտադիր պայման է հանդիսանում ՀՀ կառավարության համապատասխան որոշման առկայությունը, ինչը, կարծում ենք, չի բխում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթի պահանջներից, այն է` «Յուրաքանչյուր ոք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը»,

բ) Նախագծի առաջարկը չի բխում նաեւ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներից, քանի որ խնդրո առարկայի կարգավորման համար անհրաժեշտ է օրենքով սահմանել իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու ու պաշտպանելու պայմանները եւ կարգը, ինպես նաեւ նրանց իրավունքների սահմանափակումները, մինչդեռ նախագծով առաջարկվում է դա կատարել ՀՀ կառավարության որոշմամբ,

գ) Նախագծով առաջարկվում է իրավաբանական անձանց սեփականության իրավունքի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը պայմանավորել ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնության հանգամանքով, ինչը, կարծում ենք, խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության85-րդ եւ 89-րդ հոդվածների պահանջների համապատասխանության տեսանկյունից:

2. Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապա՟տասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումները.

ա) լրացվող հոդվածը շարադրված է «Հողային հարաբերությունները» վերտառությամբ,ենթադրվում է, որ ներկայացված առաջարկությունն ուղղված է իրավաբանական անձանց հողի սեփականության իրավունքից օգտվելու խնդրին: Ելնելով նշված հանգամանքից, առաջարկում ենք նախագծում ներառված « …կարող են ունենալ սեփականության իրավունք …» բառակապակցությունը վերաշարադրել` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածում եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում գործածվող տերմինների միասնականությունը ապահովելու հանգամանքը,

բ) հստակեցման կարիք ունի նաեւ «սահմանամերձ շրջաններում (սահմանից մինչեւ 25 կմ խորությամբ)» բառակապակցությունը` ՀՀ հողային ֆոնդի դասակարգման իմաստով (տես` ՀՀ հողային օրենսգիրք, հոդված 6):

4. Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության, այդ թվում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հա՟յաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից, անհրաժեշտ է նշել, որ օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել` «Սահմանամերձ տարածաշրջանների մասին», «Պետական սահմանի մասին», «Անշարժ գույքի պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ, 44-րդ եւ մի շարք այլ հոդվածներում:

Նախագծի վերաբերյալ այլ բնույթի առաջարկությունները կարող են ներկայացվել աշխատանքային կարգով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ` Կ.Հարությունյան

Յու.Խալաթյան

Ս. Համբարձումյան