ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Պ-114-23.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է խմբագրել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրք) 4-րդ հոդվածի 63-րդ կետը, համաձայն, որի՝ որպես բացառություն սահմանված տեղեկությունների ցանկն ընդլայնվում է եւ նախատեսվում է «զ», «է», «ը», «թ», «ժ» ենթակետերով սահմանված տեղեկատվությունները եւս չհամարվեն հարկային գաղտնիք: Մասնավորապես «է», «ը» ենթակետերի համաձայն՝ նախատեսվում է, որ հարկ վճարողի եկամուտների եւ ծախսերի, վճարված հարկերի եւ տուրքերի, ինչպես նաեւ ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունը համարվի հարկային գաղտնիք չպարունակող տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ ակտիվը , դա հարկ վճարողին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած գույք, գույքային իրավունք եւ անձնական ոչ գույքային իրավունքն է, իսկ 23-րդ կետի համաձայն՝ եկամուտը , դա ձեռնարկատիրական, անձնական եւ (կամ) պասիվ եկամուտն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենքսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով: Այսինքն, ստացվում է, որ Օրենսգրքում վերոնշյալ հասկացությունները օգտագործվում են հարկ վճարողի անձնական գույքային հարաբերությունների կարգավորման տեսանկյունից եւ պատկանում են վերջինիս, իսկ հարկային մարմնի կամ հարկային ծառայողի կողմից դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հարկային գաղտնիք չհամարելը կդիտվի, որպես անձնական տվյալների օգտագործում («Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ՝ անձնական տվյալների օգտագործում` անձնական տվյալների հետ կատարվող գործողություն, որի ուղղակի կամ անուղղակի նպատակը կարող է լինել որոշումներ ընդունելը կամ կարծիք ձեւավորելը կամ իրավունքներ ձեռք բերելը կամ իրավունքներ կամ արտոնություններ տրամադրելը կամ իրավունքները սահմանափակելը կամ զրկելը կամ այլ նպատակի իրագործումը, որոնք տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց համար առաջացնում կամ կարող են առաջացնել իրավական հետեւանքներ կամ այլ կերպ առնչվել նրանց իրավունքներին ու ազատություններին):

Հետեւաբար, հիմք ընդունելով վերոգրյալ ը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ նոր խմբագրությամբ շարադրվող 63-րդ կետից հանել «է» եւ «ը» ենթակետերը :

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ կետի «թ» ենթակետով սահմանվում է, որ բացառություն է նաեւ ընկերության հարկային ռեժիմի վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքում «հարկային ռեժիմ» հասկացություն սահմանված չէ, հետեւաբար պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասն՝ առաջարկում ենք հստակեցնել «հարկային ռեժիմ» հասկացության իրավական բովանդակությունը: Իսկ «ժ» ենթակետի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված դրույթը կրկնում է Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենսգրքի 4-րդ հոդվածի 63-րդ կետի «ե» ենթակետին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «Օրենսգրքի Հոդված 116-ի 1-ին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին» բառերով, իսկ նույն հոդվածում եւ Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ»բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

4. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր կետով, որի համաձայն՝ Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չի լինի նաեւ ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների եւ դրանց աշխատակիցներին սննդով ապահովման գործունեության համար: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածով ամրագրված են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, որի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը պետք է հավասարապես կիրառվեն բոլոր հարկ վճարողնե րի նկատմամբ: Այսինքն, սննդի ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտերի համար Օրենսգրքով պետք է կիրառվեն նույն հարկային հարաբերությունները: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ Նախագծի 3-րդ հոդվածը հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին: Միաժամանակ, հայտնում ենք, որ Օրենսգրքի 380-րդ հոդվածը բաղկացած է «մասեր» կոչվող պարբերություններից, այլ ոչ, թե կետերից ( հիմք՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մաս ) , բացի դրանից նշված Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասում արդեն իսկ առկա է 12-րդ կետ:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                        Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)