ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը այսուհետ՝ Նախագիծ իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Ն ախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի այսուհետ՝ Օրենք 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:»:

Տարընթերցումներից խուսափելու նպատակով, առաջարկում ենք քննարկել Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 26-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետերի «ժամանակավորապես դադարեցնել», 37-րդ հոդվածի 8-րդ մասի «ժամանակավորապես դադարեցվել» եւ 9-րդ մասի 1-ին նախադասության «ժամանակավորապես դադարեցվում են» բառերը համապատասխանաբար «կասեցնել», «կասեցվել» եւ «կասեցվում են» բառով փոխարինելու հարցը:

Անհրաժեշտ ենք համարում նաեւ նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»:

3. Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Նախագծով առաջարկվող Օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասության, 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասության փոփոխությունների հետ կապված, հարկ ենք համարում նշել, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի այսուհետ՝ Օրենք 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում աշխատավարձը վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:»: Օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Ոստիկանությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ` հատուցումը վճարվում է նրանց` զբաղեցրած ոստիկանության վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ոստիկանությունում ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:»: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող փոփոխությունները քննարկել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ պարբերության եւ 52-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                        ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» փաստաթղթային կոդ՝ Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0 Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                             ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)