ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-097-09.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. « Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: »: Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը:»: Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:»: Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Հիմք ընդունելով Օրենքի վերը նշված պահանջները, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 1. ««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 5.1-րդ հոդվածի 2-րդ մասի «բ)» կետում «վճարը կատարել» բառերից հետո լրացնել «անկանխիկ ձեւով» բառերը:»:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Ընկերության սպասարկման տարածքում ոռոգելի հող ունեցող Ընկերության անդամ եւ ոչ անդամ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր` ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով:»: Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Ընկերության ոչ անդամներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով...»: Այսինքն, Օրենքով սահմանված է, որ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր, եւ որ ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով:

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 44-րդ կետի համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ջրամատակարարման եւ ջրահեռացման պայմանագրերի կնքման կարգը եւ օրինակելի ձեւերը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 22-ի N 232 որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ոռոգման ջրի մատակարարման, օգտագործման, հաշվառման եւ հաշվետվության կանոններին կից ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի N 4 ձեւը: Պայմանագրի 5-րդ կետի «ե)» ենթակետով ջրօգտագործողը պարտավորվում է մինչեւ տվյալ ամսվա ավարտն ապահովել ջրամատակարարից ստացած` ապրանքային հաշիվներով հաշվարկված ոռոգման ջրի դիմաց վճարումը` կանոններին համապատասխան (իր բնակավայրի փոստային բաժանմունքում կամ ջրամատակարարին սպասարկող բանկի բաժանմունքում բացվածտարանցիկ հաշվին):

Նշենք նաեւ, որ ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով նախատեսվում է, որ տվյալ ամսվա ընթացքում ստացած ոռոգման ջրի դիմաց ջրօգտագործողը վճարում է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը անկանխիկ եղանակով, բանկային կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով(տե՛ս 2018 թվականի հունվարի 9-ին կնքված ջրօգտագործողների ընկերության կողմից ջրօգտագործողին ոռոգման ջրի մատակարարման N 02321370 պայմանագիրը):

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ ոռոգման ջրի դիմաց վճարը անկանխիկ ձեւով կատարելու հարցը կարգավորվում է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր կնքելիս:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                               ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-097-09.04.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                      ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)