ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-095-08.04.2019-ՊԻ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0951 -08.04.2019-ՊԻ-011/0 )Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի եւ Վահե Էնֆիաջյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը`

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով նախատեսվում է քրեական օրենսգրքի՝ «Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում լրացնել նոր հոդված՝ «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» վերնագրով, այն է՝ «Կենդանիների նկատմամբ այնպիսի դաժան վերաբերմունքը, որը զուգորդվել է խուլիգանական դրսեւորումներով եւ հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը»:Քրեական օրենսգրքի Հատուկ մասիհամապատասխան գլխում հոդվածը սահմանելու հարցում վճռական նշանակություն ունի հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը: Հանցագործության անմիջական օբյեկտն այն կոնկրետ հասարակական հարաբերությունն է, որը վնասվում է տվյալ տեսակի հանցակազմի հատկանիշները պարունակող կոնկրետ հանցագործությունից՝ այն հասարակական հարաբերությունը, որը հանցագործության տվյալ տեսակի կատարմամբ միշտ վնասվում է: Այս առումով, կարծում ենք, որ նախագծով նախատեսված հոդվածը դուրս է «Հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունները» գլխի կարգավորման առարկայից:

2. Սահմանված կարգավորումն հարկ ենք համարում քննարկել քրեական օրենսգրքի հատուկ մասի ընդհանուր տրամաբանությունից ելնելով: Այսպես՝ նախատեսված կարգավոումից հետեւում է, որ արարքի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է խուլիգանական դրսեւորումը : Ստացվում է, որ քննարկվող հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը պարտադիր կատարվի խուլիգանական դրսեւորումներով: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ քրեական օրենսգրքում նախատեսված չէ «խուլիգանական դրսեւորում» հասկացություն: Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում, որպես հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք նախատեսված է արարքը «խուլիգանական դրդումներ »-ով կատարելը, այն է՝ արարքը կատարել հասարակական կարգը կոպիտ ձեւով խախտելու, հասարակության նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսոեւորելու ձգտմամբ: Եթե հիմք ընդունենք, որ խուլիգանական դրսեւորում սահմանելով նկատի ունենք նույն խուլիգանական դրդումները, ապա նախատեսված կարգավորմամբ ստացվում է, որ, եթե կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացմանը կամ խեղմանը, սակայն չի կատարվել հասարակական կարգը կոպիտ ձեւով խախտելով, հասարակության նկատմամաբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, ապա նշված արարքը կատարողը ենթակա չէ քրեական պատասխանատվության: Փաթեթով ներկայացված՝ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, (որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելու համար վարչական պատասխանատվության սահմանող հոդվածը) ստացվում է, որ առանց խուլիգանական դրսեւորումների կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսեւորած անձը չի կարող ենթարկվել նաեւ վարչական պատասխանատվության:Միաժամանկ, հարկ ենք համարում նշել նաեւ, որ քրեական օրենսգրքի հատուկ մասի ընդհանուր տրամաբանությունից հետեւում է, որ արարքը խուլիգանական դրդումներով կատարելը չի սահմանվում հասարակ դիսպոզիցիայում, այլ հանդիսանում է արարքը ծանրացնող հանգամանք:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել օրենսգրքի լրիվ անվանումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին (այսուհետ՝ Փաթեթ) առնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածում լրացում նախատեսող օրենքի նախագիծ՝ լուծելու Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 2581  -ին հոդվածով նախատեսված հանցագործության քննչական ենթակայության հարցը:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)