ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-088-04.04.2019-ՊԱ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց» բառերը, այն հիմնավորմամբ, որ «երկրի առաջին երեք դեմքերին վերաբերվող գնումները համարվում են պետական գաղտնիք, եւ արդյունքում` այդ մասով իրականացվող պետական գնումները դուրս են մնում օրենսդրությամբ սահմանված երաշխիքներից: Սա մասնավորապես հակասում է Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի` յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության եւ անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որեւէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու եւ տարածելու ազատությունը»: Այս առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի եւ այլ հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»: «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն. «պետական պահպանությունը ՝ պետական պահպանության օբյեկտ ների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության ոլորտի գործառույթ է, որն իրականացվում է իրավական, կազմակերպական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա»: Նույն հոդվածի համաձայն՝ պահպանվող օբյեկտներն են համարվում « պետակ ան պահպանության օբյեկտների մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերը, շինությունները, կառույցները, դրանց հարող տարածքները, տրանսպորտային միջոցները, որոնք պահպանության ենթակա են պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ պետական պահպանության մարմնի կողմից օգտագործվող շենքերը, շինությունները, կառույցները, դրանց հարող տարածքները եւ տրանսպորտային միջոցները»:

Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական պահպանություն տրամադրվում է ՝ 1) Հանրապետության նախագահին. 2) վարչապետին. 3) Ազգային ժողովի նախագահին…»:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5- րդ մասի համաձայն. «Պետական կամ ծառայողական գաղտնիքի պաշտպանությունը օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական եւ այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության եւ պաշտպանության ապահովմանը»:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարծիքի արտահայտման ազատության (տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու) սահմանափակման էությունից՝ նկատի ունենալով, որ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի գործող կարգավորումը ուղղված է պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության եւ պետական եւ ծառայողական գաղտնիքի պահպանությանն ապահովմանը, ինչը ենթադրում է այդ անձանց անվտանգությունը ապահովման կազմակերպական եւ այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում՝ այդ թվում նշված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ներառյալ` տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական եւ ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի եւ ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերումը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-088-04.04.2019-ՊԱ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                       Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636) (209)