ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-367-12.09.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Սերգեյ Բագրատյանի, Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Տատյանա Միքայելյանի եւ Մարինա Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանարապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «2018 թվականի փետրվարի 9-ի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Նախագծի 1-ին հոդվածում «հոդվածում ավելացնել նոր 3.1-րդ մաս» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածը լրացնել նոր՝ 3.1-րդ մասով» բառերով, իսկ Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով:

4. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի «3.1-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ եւ 3.1-րդ մասերով» բառերով, որպեսզի սնսնկության գործերն էլ փոխանցվեն սնանկության դատարան այնպես, ինչպես Նախագիծը նախատեսում է վարչական գործերի համար:

Սույն կետով նախատեսված առաջարկության չընդունման դեպքում առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի «դեպքերի» բառը փոխարինել «դեպքի» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                    Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                  Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)