ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-358-24.08.2018-ՏՀ-011/0) եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3581-24.08.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Սիմոնյանի եւ Ն. Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթի ընդունման նպատակը, ըստ դրա հեղինակների, կայանում է հասարակության հատկապես խոցելի շերտերի համար տոտալիզատորով հրապուրվելու վտանգը հնարավորինս նվազեցնելու մեջ, որի կապակցությամբ առաջարկվում է`

- սահմանափակել քաղաքացիների՝ վիճակախաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորությունը,

- սահմանել տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրելու եւ ելքագրելու հնարավորություն միայն վճարահաշվարկային համակարգերի միջոցով, բացառությամբ որոշ համայնքներում խաղասրահի միջոցով տոտալիզատորի կազմակերպման դեպքերի, 

- սահմանել այնպիսի մեխանիզմ, որը հնարավորություն կընձեռի մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակել (խոսքն այն մեխանիզմի մասին է, որն արդեն ամրագրված է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով),

- հանրային նշանակության օբյեկտներ շահագործող անձանց պարտավորեցնել արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի հասանելիությունը:

3. Նախագծերի փաթեթով հետապնդվող նպատակները, մեր կարծիքով, ունեն ընդգծված սոցիալական բնույթ, թեեւ նշված խնդիրները սերտորեն առնչվում եւ հակասում են նաեւ տոտալիզատորների եւ ինտերնետ շահումով մյուս խաղերի կազմակերպման (որպես տնտեսական գործունեության) ֆինանսատնտեսական ասպեկտին: Մյուս կողմից, ելնելով նաեւ մի շարք հայտնի հանգամանքներից, թերեւս կարելի է արդարացված համարել տվյալ հիմնախնդրի սոցիալ-հոգեբանական ասպեկտին առաջնություն տալու մոտեցումը, սակայն, կարծում ենք, դա կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ առաջարկվող նոր իրավակարգավորումներն իրականում կարող են ապահովել դրված խնդիրների լուծումը: Մեր կողմից կատարված վերլուծությունը թույլ է տալիս ասելու, որ առաջարկվող ոչ բոլոր իրավակարգավորումներն են ի զորու գործնականում ապահվել այն խնդիրների լուծումը, որոնք հետապնդվում են Նախագծերի սույն փաթեթով: 

Այս կապակցությամբ կցանկայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ:

3.1 Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է կատարել մի լրացում, ըստ որի տոտալիզատորի կազմակերպչին իրավունք է տրվում զբաղվելու նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության ցանկացած այլ տեսակով, որի վերաբերյալ Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է այս քայլի մոտիվացիան: Հարկ է նկատի ունենալ, որ վիճակախաղերի եւ շահումով մյուս խաղերի մասով բացի լիցենզավորված գործունեության տեսակից գործունեության այլ տեսակներով զբաղվելու արգելքը հետապնդում է ստվերային գործունեության սահմանափակման եւ փողերի լվացման դեմ պայքարի նպատակներ, ուստի տվյալ արգելքի հանումը, կարծում ենք, անհրաժեշտ է հստակ հիմնավորել:

3.2 Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման նոր` 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի: Նշված հաշիվները համալրվում են եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն ՀՀ եւ ՀՀ տարածքից դուրս գործող վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:»: Տվյալ մասի հետ կապված առկա են մի քանի խնդիրներ, մասնավորապես`

ա) եթե խոսքը գնում է «միայն ՀՀ եւ ՀՀ տարածքից դուրս գործող վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով» կանխիկացման հնարավորության մասին (ինչը գործնականում նշանակում է, որ նկատի է առնվում բոլոր հնարավոր նման կազմակերպությունները), ապա «ՀՀ եւ ՀՀ տարածքից դուրս գործող» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ ավելորդ է դառնում դրանց նշումը,

բ) տվյալ նորմի շրջանակներում, ըստ էության, խոսքը գնում է կանխիկի մուտքագրման տերմինալների («TELCEL», «EASYPAY» եւ այլն) միջոցով մասնակցի հաշվին գումար փոխանցելու արգելքի մասին, ինչը, սակայն, շատ հեշտ է շրջանցել (օրինակ` նույն տերմինալների միջոցով գումարը կարող է մուտքագրվել մասնակցի «IDRAM» կամ էլեկտրոնային այլ դրամապանակին կամ բանկային քարտին, իսկ այնտեղից էլ հեռախոսի միջոցով` մասնակցի հաշվին), ուստի տվյալ արգելքի իմաստն, ըստ էության, կորչում է,

գ) կանխիկի մուտքագրման տերմինալները, որպես կանոն, պատկանում են վճարահաշվարկային կազմակերպություններին, ուստի` այդ տերմինալների միջոցով հաշվի համալրումը նույնպես հանդիսանում է «միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով» հաշվի համալրում, այն դեպքում` երբ տվյալ հնարավորությունն առաջարկվում է արգելել (այսինքն` ներքին հակասություն  է առաջանում):

3.3 Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացման նոր` 5.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Հանրային նշանակության օբյեկտները (սրճարան, բար, ռեստորան, հյուրանոց, ինտերնետ ակումբ (սրահ), գազալցակայան, առեւտրի սրահ, զվարճանքի եւ հանրային սպասարկման այլ վայրեր) շահագործող անձինք պարտավոր են արգելափակել ՀՀ տարածքում վիճակախաղի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց պաշտոնական կայքերի՝ համապատասխան սարքավորումներով հասանելիությունը:», որի հետ կապված հարկ է նշել հետեւյալը.

ա) նախ անհրաժեշտ է տվյալ մասի «պարտավոր են» բառերից հետո ավելացնել «իրենց օբյեկտների տարածքում» բառերը, այլապես տարընթերցում կարող է առաջանալ տվյալ պարտավորության կատարման տարածքային ընդգրկման առումով,

բ) առանձին քննարկման հարց է հանրային նշանակության օբյեկտներ շահագործողների կողմից ընդհանրապես որեւէ կայքի հասանելիության արգելափակման հարցը: Օրինակ` որեւէ բարում կամ վարսավիրանոցում դրված է «wifi» սարք, որի միջոցով  հաճախորդները միանում են ինտերնետին: Հարց է առաջանում. շահագործողն ինչպե՞ս պետք է արգելափակի այս կամ այն կայքի հասանելիությունը (գործնականում, այսպիսի արգելքի սահմանումը կարող է հանգեցնել նրան, որ շահագործողներն ընդհանրապես ինտերնետ հասանելիություն չեն ապահովի, ինչն էլ էականորեն կվնասի նրանց գործունեությանը): Կամ մեկ այլ դեպքում` հաճախորդն իր սարքի (հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով, որն ունի առանձին ինտերնետ հասանելիություն, բարի կամ վարսավիրանոցի տարածքում մուտք է գործում վիճակախաղի կազմակերպման որեւէ կայք եւ խաղում կամ տոտալիզատորի միջոցով խաղադրույք է կատարում: Հարց է առաջանում. արդյո՞ք հանրային նշանակության օբյեկտ շահագործողը տուգանվելու է այդ դեպքում (քանի որ նա պարտավոր էր իր օբյեկտի տարածքում արգելափակել համապատասխան կայքերին հասանելիությունը): 

Բացի այդ, եթե նույնիսկ ենթադրենք, որ հնարավոր բոլոր դեպքերում նշված կայքերի հասանելիությունն արգելափակելը տեխնիկապես հնարավոր է դառնում, ապա հանրային նշանակության օբյեկտ շահագործողը ստիպված պետք է լինի հատուկ մասնագետներ վարձել, որոնք շարունակական մոնիտորինգ պետք է իրականացնեն նշված կայքերի եւ դրանց անվանումների, հասցեների եւ մյուս բաղադրիչների նկատմամբ, որոնք կարող են հաճախակի փոխվել եւ դուրս մնալ արգելափակման շրջանակներից: Ընդ որում, միայն այս գործառույթների իրականացումը հանրային նշանակության օբյեկտ շահագործողի համար կարող է ավելի ծախսատար լինել, քան բուն իր հիմնական գործունեությունը կամ ծառայությունը, ինչն էլ անհարկի խոչնդոտ կհանդիսանա տնտեսվարող սուբյեկտների համար:

3.4 Նախագծում առկա են նաեւ տեխնիկական վրիպակներ, մասնավորապես` Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է համարակալել ոչ թե «ե2», այլ «ե1», քան որ համապատասխան օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը «ե1» կետ չունի, իսկ Նախագծի 5-րդ հոդվածում էլ անհրաժեշտ է ճշգրտել տրված հղումը` «1-ի կետով» բառերը փոխարինելով «5-րդ մասով» բառերով: 

Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ առաջարկվող իրավակարգավորումներով գործնականում հնարավոր չէ լուծել Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրների մի մասը, իսկ դրանց ամրագրման դեպքում էականորեն կարող են վնասվել վիճակախաղերի կազմակերպիչների ֆինանսատնտեսական շահերը, ինչպես նաեւ առկա շրջանառությունը կամ դրա մի մասը կարող է ուղղորդվել դեպի արտասահմանյան կայքեր` նպաստելով ՀՀ-ից ֆինանսական միջոցների արտահոսքին:     

     

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                             Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

04.09.2018թ.