ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-333-13.06.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի, Վահան Հարությունյանի եւ Արկադի Համբարձումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակների, պայմանավորված է գործարար միջավայրի բարելավման, մասնավորապես`  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենի 22-րդ հոդվածի 4-րդ մասի` որեւէ ամսվա արդյունքներով իրացման շրջանառության 10 տոկոսից ավելին հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արտացոլելու սահմանափակման վերացման անհրաժեշտությամբ, նշելով, որ. «...որեւէ կերպ բացառվում է անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց որեւէ փաստաթղթի նմանատիպ ապրանքների իրացումը:»:

Սակայն, խնդիրը կայանում է ոչ միայն փաստաթղթի պարտադիր առկայության ապահովման, այլեւ այնպիսի փաստաթղթի ապահովման մեջ, որը թույլ կտա հստակ ֆիքսել տվյալ տնտեսվարողի իրական շրջանառությունը: Այս իմաստով ՀԴՄ կտրոնները չեն կարող ապահովել վերջին խնդրի լուծումը, քանի որ ՀԴՄ կտրոնը թույլ չի տալիս նույնականացնել տնտեսվարողի կոնտրագենտին (չի պարունակում վերջինիս անհատականացման տվյալները), ուստի գործնականում հնարավորություն է տալիս ՀԴՄ մեկ կտրոնի միջոցով սպասարկել մեկից ավելի (այդ թվում` տարբեր սուբյեկտների հետ իրականացվող գործարքները): 

ՀՀ ԱԺ  աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                           Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

21.06.2018թ.