ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-332-13.06.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խ. Հարությունյանի, Վ. Հարությունյանի, Ա. Համբարձումյանի եւ Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է գնումների գործընթացում որոշակի նախապատվություն տալ տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակիցներին: Կարեւորելով տեղական արտադրության զարգացման անհաժեշտությունը, միաժամանակ, հարկ ենք համարում ներկայացնել Նախագծի վերաբերյալ հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծով առաջարկվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել լրացում, համաձայն որի` գնումների գործընթացի մասնակիցների կողմից ներկայացված հայտերի գնահատման ժամանակ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կորոշվի նաեւ «տեղական արտադրության խթանմանը նպաստող առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով»: Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված գնահատման սկզբունքները կիրառվում են ըստ ներկայացված հաջորդկանության, թե ոչ: Բացի այդ, պետք է հստակեցնել նաեւ այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի գնահատել, թե ներկայացված առաջարկը տեղական արտադրության խթանմանը նպաստում է, թե ոչ: Միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծի ընդունման դեպքում որոշակի հակասություն կառաջանա «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հետ, համաձայն որի գնումների գործընթացը հիմնվում է գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպման վրա:

բ) Մեր կարծիքով, ներկայացված Նախագծի եւ ՀՀ կողմից վավերացված որոշ միջազգային պայմանագրերի միջեւ առկա են որոշակի հակասություններ: Մասնավորապես, «Պետական գնումների մասին վերանայված համաձայնագրի» (որը ՀՀ կողմից վավերացվել է 05.06.2015թ.) 4-րդ հոդվածում որպես ընդհանուր սկզբունք է սահմանվում խտրականության բացառումը, ըստ որի. «գնումներին վերաբերող ցանկացած միջոցառման առնչությամբ, յուրաքանչյուր Կողմ, ներառյալ նրա պատվիրատուները, ցանկացած այլ Կողմի ապրանքներին եւ ծառայություններին, եւ ցանկացած այլ Կողմի մատակարարներին, ովքեր ցանկացած Կողմին առաջարկում են ապրանքներ եւ ծառայություններ, անհապաղ եւ անվերապահորեն կտրամադրի ոչ պակաս բարենպաստ պայմաններ, քան այն պայմաններն են, որոնք Կողմը, ներառյալ նրա պատվիրատուները, տրամադրում են.

ա. ազգային ապրանքներին, ծառայություններին եւ մատակարարներին, եւ

բ. ցանկացած այլ Կողմի ապրանքներին, ծառայություններին եւ մատակարարներին:»:

Բացի այդ, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հավելված 25-ի (Արձանագրություն գնումների կարգավորման կարգի մասին) 2-րդ մասով ազգային ռեժիմը սահմանվում է որպես. «ռեժիմ, որով նախատեսվում է, որ անդամ պետություններից յուրաքանչյուրը պետք է գնումների նպատակներով` անդամ պետությունների տարածքներից ծագող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, այդպիսի ապրանքներ առաջարկող, աշխատանքներ իրականացնող եւ ծառայություններ մատուցող` անդամ պետությունների մատակարարների եւ հնարավոր մատակարարների համար ապահովի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որն ապահովել է իր պետության տարածքից ծագող ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների, ինչպես նաեւ այդպիսի ապրանքներ տրամադրող, աշխատանքներ կատարող եւ ծառայություններ մատուցող մատակարարների ու հնարավոր մատակարարների համար»:

Կարծում ենք, այս տեսանկյունից անհրաժեշտ է Նախագծով առաջարկվող դրույթները համահունչ դարձնելու վերը նշված միջազգային պայմանագերի հետ:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության տնտեսական 

փորձաքննության բաժնի պետ`                                          Գ. Կիրակոսյան 

02.07.2018թ.