ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-286-21.03.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Թանդիլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով նախատեսվում է ընդլայնել անշարժ գույք ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձից օգտվողների շրջանակը: Մասնավորապես, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի. «վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով»? հաշվի առնելով օրենսգրքով սահմանված սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է հանել «անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու» վերաբերյալ սահմանափակումն այն դեպքերի համար, երբ «վարձու աշխատողը անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարիների ընթացքում չունի բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք եւ հիփոթեքային վարկը պետք է վերաֆինանսավորված լինի «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Բնակարաններ երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպությունների կողմից: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում եկամտային հարկի վերադարձից կօգտվեն անշարժ գույք ձեռք բերող բոլոր ֆիզիկական անձինք, եթե վերջիններս վերջին երեք տարիներին սեփականության իրավունքով չեն ունեցել բնակարան կամ անհատական բնակելի տուն:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Անշուշտ, առաջարկվող քայլն էական առաջընթաց է հարկային գործիքների (տվյալ դեպքում` եկամտային հարկի) միջոցով սոցիալական խնդիրների լուծման,  մասնավորապես` բնակչության բնակարանային ապահովվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Ի դեպ, հարկ է նշել, որ նման մոտեցումը լայն տարածում ունի տարբեր երկրներում, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսի Հանրապետւթյունում եւ մի շարք այլ պետություններում, որտեղ հարկային օրենսդրությամբ նախատեսված են հարկային տարբեր արտոնություններ` ինչպես անշարժ գույքի ձեռք բերման նպատակով կատարվող ծախսերի չափով հարկման բազայի նվազեցման, այնպես էլ պետության կողմից փոխհատուցումների իրականացման տեսքով: Ընդ որում, դա պայմանավորված է նաեւ նրանով, որ եկամտային հարկը կարեւոր գործիք է ոչ միայն ֆիսկալ, այլեւ նաեւ սոցիալական խնդիրների լուծման համար: Մինչդեռ, ՀՀ հարկային օրենսգրքով ներկայումս անշարժ գույքի ձեռք բերման հետ կապված տրամադրվող արտոնությունն ավելի շատ ուղղված է անմիջական կառուցապատողների տնտեսական գործունեության, քան ֆիզիկական անձանց կողմից բնակարանային պայմաների բարելավման խթանմանը: Այս առումով, Նախագծով առաջարկվող քայլը զգալի առաջընթաց է ներկայումս գործող կարգից: 

բ) Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծով ներկայացված ձեւակերպումները որոշակի խնդիրներ կարող են առաջացնել, որոնց վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: Այսպես.

  •       Նախագծի տրամաբանությունից բխում է, որ վերջինիս նպատակը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ֆիզիկական անձանց աջակցության ցուցաբերումն է եւ, այս առումով, որպես հասցեականության ապահովման պայման, սահմանվում է «վերջին երեք տարիների ընթացքում բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք» չունենալու պահանջը: Այս առումով, նախ անհրաժեշտ է հստակեցնել, թե «վերջին երեք տարիներ» հակացությունը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում կամ ո՞ր պահից է հաշվարկվում (չնայած, ենթադրվում է, որ խոսքը գնում է անշարժ գույք ձեռք բերելու պահին նախորդող երեք տարիների մասին): Այս կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «պահից» բառը փոխարինել «պահին նախորդող» բառերով, իսկ «կարող է» բառից հետո պետք է ավելացնել «ձեռք բերված» բառը:
  •       Նախագծով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու չափորոշիչ է դիտարկվում վերջին երեք տարիներին բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք չունենալը: Մեր կարծիքով, նման պահանջը թույլ չի տալիս ապահովել տրամադրվելիք հարկային արտոնության անհրաժեշտ  հասցեականություն, որն ի դեպ, պետք է հանդիսանա այդ ուղղությամբ իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած քայլի, այսինքն` հարկային արտոնության տրամադրման հիմնական նախապայմանը: Այսպես, ֆիզիկական անձը կարող է վերջին երեք տարիների կտրվածքով ունենալ բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք` սակայն բազմանդամ ընտանիքով բնակվելով ակնհայտորեն փոքր մակերես ունեցող բնակարանում, մինչդեռ, սեփականության իրավունք չունեցող ֆիզիկական անձը, որը բնակվում է մեծ մակերես ունեցող բնակարանում եւ, ըստ էության, չունի բնակարանային պայմանների բարելավման կարիք, կօգտվի նման արտոնությունից: Կարծում ենք, կարիքավորության գնահատման նպատակով Նախագծով սահմանված չափորոշիչները վերանայման անհրաժեշտություն ունեն` դրանց հասցեականության ապահովման եւ իսկապես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող անձանց առաջարկվող աջակցությունից օգտվողների շրջանակում ընդգրկելու տեսանկյունից:

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության 

տնտեսական փորձաքննության

բաժնի պետ`                                                            Գ. Կիրակոսյան 

05.04.2018թ.