ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-237-15.01.2018-ՏՏԳԲ-011/0), «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2371-15.01.2018-ՏՏԳԲ-011/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2372-15.01.2018-ՏՏԳԲ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2373-15.01.2018-ՏՏԳԲ-011/0) եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2374-15.01.2018-ՏՏԳԲ-011/0), Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Փաթեթով առաջարկվում է սահմանել հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը եւ դրանց ներկայացվող պահանջները:
Փաթեթի վերաբերյալ կան որոշ կատառումներ, որոնցից հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալները:
3. Փաթեթում ընդգրկված «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով հրավառությունը (որն իր մեջ, ըստ էության, ընդգրկում է նաեւ ինչպես տեխնիկական եւ հատուկ նշանակության, այնպես էլ բնակչությանն ազատ վաճառվող հրավառությունները) սահմանվում է որպես «հրագործական նյութի (արտադրանքի) եւ հրագործական բաղադրիչի ծրագրված կիրառում, որը կարող է վտանգել մարդու կյանքը, առողջությունը եւ վնասներ պատճառել շրջակա միջավայրին ու գույքին»: Կարծում ենք, Նախագծում «հրավառություն» հասկացության սահմանումը վերաշարադրման եւ հստակեցման, ինչպես նաեւ վերը բերված մյուս հասկացությունների հետ համապատասխանեցման կարիք ունի: Հակառակ պարագայում կստացվի, որ տեղական ինքնակառավարման մարմինը թույլտվություն է տալիս մարդու կյանքը, առողջությունը վտանգող եւ շրջակա միջավայրին ու գույքին վնասներ պատճառող գործունեության իրականացման համար:
4. Նույն հոդվածով տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունները սահմանվում են որպես «հրավառություններ, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ եւ հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում եւ (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում»: Դրանց իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները եւ պայմանները սահմանում է համայնքի եւ Երեւանի ավագանին: Վերջիններս, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան, իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տալիս են համայնքի տարածքում եւ Երեւանում տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն: Կարծում ենք, Փաթեթով պետք է հստակ սահմանվեն այն չափանիշները, որոնց առկայության պարագայում իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը կարող է ստանալ նման թույլտվություն, ինչպես նաեւ այդ չափանիշների գնահատման միջոցները: Այլ կերպ ասած, թույլտվության տրամադրումը պետք է լինի ոչ թե մեխանիկական գործընթաց, այլ իրականացվի սահմանման մեջ նշված պահանջների (մասնավորապես` հատուկ գիտելիքների եւ հմտության, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորման առկայություն) բավարարման դեպքում:
5. Փաթեթում հստակ կերպով սահմանված չեն առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնող անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման գործուն միջոցներն ու մեխանիզմները: Կարծում ենք, Փաթեթով նախատեսված խնդիրների լուծման առումով վերջիններիս կարեւորությունը խիստ մեծ է եւ պահանջում է համապատասխան իրավակարգավորում:
6. Չնայած Փաթեթին կից բերված հիմնավորման մեջ կարեւորվում է բնակչության հանգստի ապահովումը, այդուհանդերձ, կանոնակարգված չէ բնակչությանն ազատ վաճառվող հրավառությունների իրականացման գործընթացը: Վերջինս ոչ պակաս անհարմարություններ է պատճառում քաղաքացիներին, խանգարում նրանց հանգիստը եւ, մեր կարծիքով, նույնպես կանոնակարգման կարիք ունի:
ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ` Գ. Կիրակոսյան
29.01.2018թ.