ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-261-9.02.2018-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գ. Գորգիսյանի կողմից ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունումը, ըստ դրա հեղինակի, պայմանավորված է մայրության նպաստների նշանակման եւ վճարման օրենսդրական հիմքերի հստակեցման եւ կատարելագործման անհրաժեշտությամբ, որի կապակցությամբ առաջարկվում է`

- մայրության նպաստի նշանակման համար հիմք ընդունել «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» ՀՀ օրենքին համապատասխան տրված երեխայի ծննդյան վկայականը, իսկ երեխայի վաղաժամ (այդ թվում` մահացած) ծնվելու դեպքում՝ համապատասխան տեղեկանքը,

- չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը պայմանավորել ոչ թե անվերապահորեն նրանց՝ ՀՀ որեւէ բնակավայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքով, այլ անձի փաստացի բնակության հանգամանքով,

- սահմանել որ ինչպես մայրության նպաստի, այնպես էլ երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի դադարեցումն այն դեպքերում, երբ նպաստառուն սահմանված ժամկետում համապատասխան բանկին չի ներկայացնում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի հիման վրա բացված իր բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը դուրս գրելու կարգադրության պայմանի կիրառման հետ միաժամակ օրենքով պետք է ապահովագրվի նպաստը նշանակած տարածքային կենտրոնի կողմից նպաստառուին՝ նպաստի նշանակման, վճարման ժամկետների եւ վճարող բանկի մասին պատշաճ ծանուցվելու (նպաստի նշանակման մասին որոշումն առձեռն հանձնելու կամ պատվիրված փոստով եւ հանձնման-ստացման ծանուցագրով առաքելու) պարտականությամբ,

- հստակ ամրագրել իրավասու մարմնի կողմից պետական նպաստի նշանակումը մերժվելու դեպքում՝ մերժման վերաբերյալ որոշումը վարչական եւ դատական կարգով բողոքարկելու նպաստառուի (շահառուի) իրավունքը, 

- մայրության նպաստի իրավունքով օժտել Հայաստանի Հանրապետությունում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնց պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներն օժտված են նույնպիսի իրավունքով: 

3. Նախագիծն ունի ընդգծված սոցիալական բնույթ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

3.1  Մեր կարծիքով, անհրաժեշտ է լրամշակել Նախագծի 7-րդ հոդվածով ներկայացված առաջարկությունը, քանի որ նախատեսվող լրացման տեքստի ինկորպորացիայից հետո «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն անավարտ կմնա:

3.2 Առաջարկում ենք Նախագծից հանել դրա 10-րդ հոդվածը, ըստ որի. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N1179-Ն որոշումը:»:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի գործողության դադարեցումն իրավական ակտն ընդունած մարմինը կատարում է նույն տեսակի իրավական ակտով:» (իսկ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը, համաձայն նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հանդիսանում է իրավական ակտի գործողության դադարեցման ձեւերից մեկը): Բացի այդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ. «Եթե իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի պահանջներին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, պարտավոր է իր ընդունած իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին ընդունել իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե այդ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ: Այս դեպքում հակասող իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:»:  

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                           Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

13.02.2018թ.