ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-220-15.12.2017-ՖՎ-011/0) եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2201-15.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունմամբ առաջարկվում է, հիմք ընդունելով միջազգային փորձը, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքում կատարել  հետեւյալ հիմնական փոփոխությունները`

- ներդնել կենտրոնացված թողարկողի եւ մասնակից թողարկողի ինստիտուտը,

- ներդնել ապահովման միջոցների ստատիկ եւ դինամիկ զամբյուղների գաղափարը,

- հստակեցնել այն ակտիվների ցանկը, որոնք կարող են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի թողարկման համար հանդիսանալ ապահովման միջոց,

- մանրամասն կարգավորել ապահովված հիփոթեքային պարտատոմսերի հիմքում դրված անշարժ գույքի գնահատման եւ վերագնահատման հետ կապված հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ, սույն Փաթեթի ընդունումը էականորեն կկատարելագործի հիփոթեքային պարտատոմսերի հետ կապված իրավակարգավորումները եւ կարող է նպաստել հիփոթեքային վարկային շուկայի եւ համապատասխան պարտատոմսերի շրջանառության ակտիվացմանը: Սակայն, Փաթեթի կազմում ընդգրկված «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ` Նախագիծ), մեր կարծիքով, առկա են նաեւ որոշ թերություններ եւ հստակեցման ենթակա դրույթներ, որոնք կայանում են հետեւյալում:

3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով տրվող որոշ սահմանումներում անհրաժեշտ է ճշգրտել հղումները, այդ թվում` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես. 

ա) Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի`

- 5-րդ կետում «1-ին մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «3-րդ մասում» բառերով, քանի որ նշված` 3-րդ մասում շատ ավելի հստակ են թվարկված ապահովման միջոցների հսկողներին վերաբերող պահանջները,

- 10-րդ եւ 11-րդ կետերում «կետում» բառերն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառերով,

բ)  Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասում «առաջին կետի 3-րդ մասում» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի 3-րդ կետում» բառերով:

4. Նախագծի 7-րդ հոդվածում, որով սահմանվում են անշարժ գույքի գնահատման եւ վերագնահատման հետ կապված հարաբերությունները, տարընթերցումներից եւ մեկնաբանություններից խուսափելու նպատակով, առաջարկում ենք հստակ ամրագրել, թե սույն օրենքի իմաստով սահմանվող` անշարժ գույքի գնահատման եւ վերագնահատման արդյունքում ստացված արժեքները կարո՞ղ են արդյոք օգտագործվել այդ անշարժ գույքի հարկման նպատակով, թե՞ ոչ: 

5. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությամբ սահմանվում է, որ. «Անկախ սույն մասում նշված ժամկետներից, ապահովման միջոցների զամբյուղում ներառված հիփոթեքային վարկի առարկա հանդիսացող անշարժ գույքի վերագնահատումը պետք է իրականացվի, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում, կամ ակնկալվում է, որ տեղի կունենա տվյալ գույքի գնի էական անկում:» Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե ու՞մ «ակնկալիքի» մասին է գնում խոսքը (Կենտրոնական բանկի, թողարկողի, ապահովման միջոցների հսկողի եւ այլն), եւ առնվազն ինչի՞ վրա պետք է հինված լինի ներկայացված «ակնկալիքը» (կանխատեսումներ, պաշտոնական հաղորդագրություններ, փորձագիտական եզրակացություններ եւ այլն): 

6. Նախագծի 14-րդ հոդվածի վերջում առաջարկում ենք հստակեցնել ապահովման միջոցների հսկողի պատասխանատվությունը` իր գործողությունների կամ անգործության հետեւանքով պարտատոմսերի թողարկողներին, պարտատոմսերի սեփականատերերին (ներդրողներին) եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման առումով:

7. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի վերջում առաջարկում ենք ավելացնել նաեւ «ապահովման միջոցների հսկողի անվանումը եւ կապի միջոցները» տողը` ներդրողների շահերի պաշտպանության եւ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`              Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

20.12.2017թ.