ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-202-6.12.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Պողոսյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասը (որով սահմանված են եկամտային հարկի հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտները) լրացնել նոր կետով, ըստ որի` առաջարկվում է նվազեցվող եկամուտ համարել նաեւ. «հենաշարժական ֆունկցիաների խանգարումների եւ (կամ) մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիայի, արտահայտված արտաքին ձեւախեղումների հետ կապված հաշմանդամության կարգ ունեցող անձի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստացվող եկամուտը:»:

Ըստ էության, տվյալ Նախագիծն ունի ընդգծված սոցիալական բնույթ` ուղղված հաշմանդամություն ունեցող կոնկրետ թիրախային խմբի շահառուների իրավունքների պաշտպանությանը, նրանց եկամուտների որոշ բարձրացմանը եւ համապատասխան հաշմանդամության խմբում ընդգրկված անձանց եկամուտներ վճարող գործատուների խրախուսմանը, առավել եւս, որ նշված շահառուների թվաքանակը մեծ չէ եւ բյուջետային կորուստներն այս առումով էական նշանակություն չեն կարող ունենալ:

Այս կապակցությամբ, ինչպես նաեւ առաջարկվող իրավակարգավորման ամբողջականության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «անձի» բառից հետո ավելացնել «(հաշմանդամ երեխայի)» բառերը, քանի որ օրենքով սահմանված դեպքերում մինչեւ 18 տարեկան երեխաները նույնպես կարող են ընդունվել աշխատանքի կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ստանալ եկամուտներ:    

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                    Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

13.12.2017թ.