ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-200-4.12.2017-ՖՎ-011/0) եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2001-4.12.2017-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունման նպատակը, ըստ նախագծերի հեղինակի, կայանում է ՀՀ պետական ֆինանսների կառավարման բնագավառում հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքների հստակեցման մեջ` լրացուցիչ իրավական կանոնակարգումների միջոցով պետական բյուջեի նախագծի կազմման եւ պետական բյուջեի կատարման գործընթացներն առավել կանոնակարգված եւ ճկուն դանձնելու համար: Այդ նպատակին հասնելու համար Փաթեթով առաջարկվում է օրենքով ամրագրել որոշակի կանոններ, որոնք կսահմանափակեն առաջիկա տարվա պետական բյուջեի պակասուրդի մեծությունը կապիտալ ծախսերի մեծությամբ, ինչպես նաեւ ընթացիկ ծախսերի աճը կախվածության մեջ կդնեն նախորդ տարվա արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերության փաստացի արձանագրված ցուցանիշի մեծությունից, այս առումով բացառություն սահմանելով միայն բացառիկ դեպքերի առկայության ժամանակ:

Ընդհանուր առմամբ, Փաթեթի ընդունումը որոշակիորեն կբարձրացնի բյուջետային հարաբերությունների բնագավառում կառավարության գործունեության ճկունության մակարդակը, իսկ որոշ (պետական պարտքի) առումով նաեւ կմեղմացնի համապատասխան իրավակարգավորման խստությունը, ինչն էլ թույլ կտա կառավարությանը համեմատաբար օպերատիվ արձագանքել հարկաբյուջետային ազդակներին եւ դրանց արագ փոփոխություններին: Այդուհանդերձ, Փաթեթում ընդգրկված նախագծերում, մեր կարծիքով, առկա են նաեւ հստակեցման ենթակա դրույթներ, որոնց վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

3.  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

ա) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումների տեքստի` 8.2.-րդ մասի «բ» կետով սահմանվում է, որ եթե օրենքով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի. «50 տոկոսը, ապա, բացի սույն հոդվածի 8.2-րդ մասի ա) կետի պահանջի, ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը:»: Այս կապակցությամբ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե նախորդ առնվազն քանի՞ տարվա տվյալների հիման վրա պետք է կառավարությունն ընդունի համապատասխան որոշումը, առավել եւս, որ խոսքը գնում է «երկարաժամկետ աճերի» մասին: Նույն խնդիրն առկա է նաեւ նշված մասի «գ» կետում:

բ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումների տեքստի` 8.3.-րդ մասով սահմանվում է, որ. «Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում կառավարության որոշմամբ սահմանված բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային եւ տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական տնտեսական զարգացումների առկայությամբ:»: Այս կապակցությամբ նախ առաջարկում ենք խմբագրական առումով «զարգացումների առկայությամբ» բառերը փոխարինել «զարգացումների կանխման անհրաժեշտությունից» բառերով, եւ երկրորդ` առաջարկում ենք այս տեքստից հանել «կառավարության որոշմամբ սահմանված» բառերը, քանի այդ բացառիկ դեպքերն արդեն իսկ սահմանվում են տվյալ տեքստում, իսկ կառավարությունն էլ պետք է որոշում ընդունի ոչ թե «բացառիկ դեպքերի» վերաբերյալ (կամ սահմանի թե ո՞ր դեպքերն են համարվելու բացառիկ), այլ տվյալ տեքստում նշված բացառիկ դեպքերի ի հայտ գալու պարագայում պետք է որոշում ընդունի առաջարկվող 8.2.-րդ մասի եւ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չգործելու (չպահպանելու) մասին: Այլապես, առաջարկվող տեքստի ընդունման պարագայում, կառավարությունը կարող է քիչ թե շատ արտառոց որեւէ դեպք որակել որպես բացառիկ եւ չպահպանել օրենքով սահմանված պահանջները (այդ թվում` գերազանցել պետական պարտքի մեծության համար սահմանված առավելագույն շեմը):

Մյուս կողմից, ընդունելով, որ նշված բացառիկ դեպքերում կարող է օբյեկտիվորեն անհրաժեշտություն առաջանալ ներգրավելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ` գերազանցելով պետական պարտքի մեծության համար սահմանված առավելագույն շեմը, այդուհանդերձ, անհրաժեշտ է սահմանել, թե տվյալ գերազանցումը ի՞նչ ժամկետով կարող է թույլատրվել: Հակառակ պարագայում (երբ ժամկետային սահմանափակում չի դրվում), կառավարությունը հնարավորություն է ստանում մեկ անգամ նման որոշում ընդունելու դեպքում չպահպանել այս կարեւորագույն սահմանափակման պահանջները` իր համար ցանկալի կամ անհրաժեշտ ժամանակահատվածի համար, ինչն էլ օրենսդրի տեսանկյունից, կարծում ենք, ընդունելի երեւույթ չի կարող լինել: 

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող տեքստի 8.3.-րդ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8.3. Սույն հոդվածի 8.2-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները չեն գործում բացառիկ դեպքերում՝ ելնելով խոշորածավալ տարերային եւ տեխնածին աղետների, պատերազմական գործողությունների, տնտեսությունը խաղաղ ժամանակաշրջանից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տնտեսական ցնցման հանգամանքներով պայմանավորված բացասական զարգացումների կանխման անհրաժեշտությունից:

Սույն մասով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում կառավարությունն ընդունում է սույն մասից բխող համապատասխան որոշում, որի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին:»:

գ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող լրացումների տեքստի` 8.4.-րդ մասի «բ» կետի «Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «պետական բյուջեի նախագծի» բառերով, քանի որ տվյալ մասի «ա» կետի համաձայն (երբ կառավարության պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ գտնվել էր 50-60 տոկոսի միջակայքում) արդեն իսկ, «ա» կետի պահանջով, պետք է Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացրած լիներ համապատասխան միջոցառումների ծրագիրը: Առաջարկվող տեքստի դեպքում ուղղակի անիմաստ կարող է դառնալ այդ միջոցառումների ծրագրի ներկայացումը, քանի որ Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսված է լինում առաջիկա երեք տարիների համար եւ իրենից պարտադիր կատարման փաստաթուղթ չի ներկայացնում: Մյուս կողմից էլ` պետական պարտքի առավելագույն շեմի գերազանցումը չի կարելի թույլատրել անորոշ ժամկետով (հնարավորություն տալով էլ ավելի մեծացնելու պատեկան պարտքի ծավալը` առաջացնելով դեֆոլտի իրական ռիսկեր), ուստի այս դեպքում համապատասխան միջոցառումներն իրենց արտացոլումը պետք է գտնեն հենց հաջորդ տարվա պետական բյուջեում եւ երաշխավորեն «պետական պարտք/ՀՆԱ» ցուցանիշի մեծությունը 60 տոկոսից իջեցնելը:   

 4.  «Պետական պարտքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ.

ա) Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասը, համաձայն որի` պետական պարտքի համար սահմանված չափանիշներին չհամապատասխանող կառավարության պարտք առաջացնող գործարքն առ ոչինչ է:

Հաշվի առնելով նախորդ նախագծի հետ կապված նկատառումները, ինչպես նաեւ պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսը գերազանցելու թույլատրելիության նորմի սահմանումը եւ այդ գերազանցման համար ժամկետային սահմանափակման բացակայության հանգամանքի ամրագրումը, կարծում ենք, նշված` «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասի ուժը կորցրած ճանաչելը փաստացի կնշանակի օրենսդրի կողմից պետական պարտքի բնագավառում վերահսկողության մեխանիզմների վերացում (թեեւ Սահմանադրությամբ այդ լիազորությունը շարունակում է մնալ ամրագրված), ինչն էլ ընդունելի չի կարող լինել: Այս կապակցությամբ առաջարկում ենք ոչ թե ուժը կորցրած ճանաչել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասը, այլ կառավարությանը թույլատրել գերազանցել նշված շեմը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:     

 

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                         Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

08.12.2017թ.