ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-149-6.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 


ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի եւ Վ. Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Ներկայացված Նախագծով առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի համաձայն ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող քսայուղերի ԱՏԳ ԱԱ 271019710-ից մինչեւ 271019980 ապրանքախմբերի մեջ ներառվող ԱՏԳ ԱԱ 271019710 0 ապրանքախմբի քսայուղերը, որոնք, ըստ նախագծի հեղինակների, տեղական քսայուղերի արտադրության համար հումք է հանդիսանում, ազատել ակցիզային հարկից, իսկ 1 կգ քսայուղի ակցիզային հարկի նվազագույն չափը սահմանել 300 դրամ՝ նպատակ ունենալով նպաստելու տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացմանը:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ սկզբունքորեն բացառապես հումք հանդիսացող քսայուղերը, բնականաբար, ճիշտ կլինի ազատել ակցիզային հարկից, սակայն տվյալ քայլը մեկ այլ խնդիր կարող է առաջացնել` կապված հնարավոր կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալու հետ, քանի որ բավականին կհեշտանա որպես հումք ներմուծելուց հետո որպես պատրաստի արտադրանք այդ յուղերն իրացնելու գործընթացը: Մեր կարծիքով, տվյալ առաջարկությունն անհրաժեշտ է զուգորդել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը կանխարգելող մեխանիզմների հետ, իսկ տեխնիակական առումով, կարծում ենք, կարիք չկար ամբողջությամբ վերաշարադրել ՀՀ Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է այդ մասի ընդամենը մեկ տողին:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                        Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

17.10.2017թ.