ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-134-23.09.2017-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1341-23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Է. Մարուքյանի, Ա. Միրզոյանի, Ն. Փաշինյանի, Գ. Գորգիսյանի եւ Ա. Զեյնալյանի կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է տարանջատել «Լիցենզվորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված`  մեկ ընդհանրական լիցենզիայի շրջանակներում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման գործառույթները, դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսելով առանձին լիցենզիայի տրամադրում, իսկ միասնական լիցենզիայի տրամադրման համար նախատեսված` տարեկան 200.000 դրամն էլ առաջարկվում է համամասնորեն տրոհել նշված հինգ գործառույթների միջեւ` դրանցից յուրաքանչյուրի համար սահմանելով տարեկան 40.000 դրամ պետական տուրք: 

Նախագծերի փաթեթն ունի պատշաճ հիմնավորվածություն եւ կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդրի լուծումը: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                     Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

03.10.2017թ.