ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  (փաստաթղթային կոդ՝ Պ -132-23.09.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Զոհրաբյանի, Մ. Մելքումյանի, Վ. Էնֆիաջյանի եւ Վ. Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.    Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.    Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի հարկից ազատել «գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ եւ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում, տվյալ տարվա համար»: Այս կապակցությամբ, հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները: 

Նախագծի բովանդակությունը որոշակի տարընթերցումների եւ մեկնաբանությունների տեղիք կարող է տալ, պայմանավորված հարկային արտոնությունից օգտվելու համար 1-ին հոդվածում ներկայացված պայմանների միաժամանակյա ապահովման պահանջի հետ: Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ պարբերության. «Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, չի կարող կիրառվել «եւ» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով: Այս դեպքում պետք է կիրառվի «կամ» շաղկապը:» Այս կապակցությամբ, կարծում ենք, որ տարընթերցումներից խուսափելու համար պետք է հստակ սահմանել, որ Նախագծով նախատեսվող անշարժ գույքի հարկից ազատումը վերաբերում է միայն այն հողամասին, որը կրել է առնվազն 40 տոկոս վնաս: Ելնելով նշվածից, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17) գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ կամ այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետեւանքով  (կարկուտ, երաշտ, ցրտահարություն եւ այլն) մշակաբույսերի կամ պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում` վնաս կրած հողերի գծով, տվյալ տարվա համար:»

ՀՀ ԱԺ Աշխատակազմի տնտեսագիտական 

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                            Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 

03.10.2017թ.