ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ն. Փաշինյանի, Գ. Գորգիսյանի, Մ. Թանդիլյանի եւ Ա. Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծը  (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

   Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.         Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.         Նախագծով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել դեղերի իրացումը, ինչն, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, «կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման»: Բնակչության սոցիալական վիճակի թեթեւացման առումով տվյալ հարցի լուծումը, իհարկե, շատ կարեւոր է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող մոտեցմամբ այդ հարցը չի կարող լիարժեք կերպով լուծվել: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ազատ շուկայական գնագոյացման պայմաններում, երբ գները ճկուն չեն (այսինքն` շատ արագ արձագանքում են դրանց աճին նպաստող գործոններին եւ չեն արձագանքում կամ գրեթե չեն արձագանքում դրանց նվազեցմանը նպաստող գործոններին), միանշանակ չի կարելի համոզված լինել, որ դեղերի գները կնվազեն կամ գոնե դրանց գծով ավելացված արժեքի հարկից հնարավոր մուտքերի կորուստը համարժեք կլինի ստացված էֆեկտին: Բացի այդ, ավելացված արժեքի հարկից ազատումը, եթե չի ընդգրկում գործունեության ամբողջ շղթան, չի կարող ցանկալի արդյունք ապահովել: Մասնավորապես, ներկայացված Նախագծով ավելացված արժեքի հարկից առաջարկվում է ազատել միայն դեղերի իրացումը, մինչդեռ դրանց ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գանձման պահանջը կշարունակւի գործել՝ ստեղծելով որոշակի դժվարություններ վճարված գումարների հաշվանցման հետ կապված:

            Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքը, համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 445 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 2018 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվելու, ինչի հետեւանքով Նախագծով բարձրացված խնդրի նոր իրավական կարգավորման անհրաժեշտություն կառաջանա:   

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ                                                               Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

30.08.2017թ.