ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-44-3.07.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման ոլորտում օգտագործվող հիմնական հասկացությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակը, սկզբունքները եւ ուղղությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերը: Կարգավորվում են հաշմանդամության կանխարգելման, բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) իրականացման, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում որոշումների ընդունման, հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:

3. Ընդհանուր առմամբ նախագիծն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, սակայն կցանկանայինք ուշադրություն հրավիրել երկու հանգամանքի վրա:

3.1 Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում եւ Նախագծի հետագա տեքստում խոսվում է հաշմանդամների` «հասարակության կյանքին լիարժեք ու արդյունավետ» մասնակցության տարբեր կողմերի մասին, սակայն Նախագծի տեքստում որեւէ կերպ չի պարզաբանվում, թե ի՞նչ է հասկացվում հաշմանդամի կողմից հասարակության կյանքին «արդյունավետ մասնակցության» տակ: Խնդիրը կայանում է նրանում, որ «արդյունավետություն» հասկացությունը չափելի եւ ինչ-որ տեղ խիստ «պարտավորեցնող» հասկացություն է, եւ եթե խոսվում է այս կամ այն երեւույթի արդյունավետության մասին, ապա անխուսափելիորեն անհրաժեշտություն է առաջանում սահմանելու, թե ի՞նչ չափանիշների հիման վրա պետք է գնահատվի տվյալ երեւույթի արդյունավետությունը: Այս կապակցությամբ առաջարկում ենք կամ հստակ սահմանել «հասարակության կյանքին արդյունավետ մասնակցություն» հասկացությունը, կամ զերծ մնալ դրա օգտագործումից` փոխարինելով այն որեւէ հոմանիշ հասկացությամբ:

3.2 Նախագծի 32-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-57-ՀՆ-0800-1 օրենքը, բացառությամբ դրա 6-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների (որոնք վերաբերում են բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացման, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների լիազորությունների եւ անձին հաշմանդամ ճանաչելու հետ կապված հարաբերություների կարգավորմանը), իսկ նույն հոդվածի 5-րդ մասով էլ առաջարկվում է այդ նույն հոդվածներում որոշակի լրացումներ կատարել: Այս կապակցությամբ անհասկանալի է մնում, թե ինչու՞ նշված 6-րդ, 61-րդ, 62-րդ հոդվածների դրույթները (առաջարկվող լրացումներով հանդերձ) չի ընդգրկվում Նախագծում, որի պարագայում ընդունվող օրենքը կունենար լիարժեք եւ համապարփակ բնույթ, առավել եւս, որ Նախագծի տարբեր հոդվածներում այդ հարցերի հետ կապված կարգավորումներ են նախատեսված:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության պետ`                                                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

13.07.2017թ.