ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1078-30.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողների համար` ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները սահմանել որպես եկամտային հարկի իմաստով նվազեցվող գումարներ: Այս նպատակով առաջարկվում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի (որով սահմանվում են եկամտային հարկի հաշվարկման նպատակով նվազեցվող եկամուտների տեսակները) 1-ին մասը լրացնել նոր կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «37) ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտների չափով»:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները.

2.1  Ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող հարկ վճարողներից տեսականորեն եկամտային հարկ վճարողներ կարող են հանդիսանալ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, իսկ գործնականում` միայն անհատ ձեռնարկատերերը, ուստի, կարծում ենք, ավելորդ է որպես հարկային արտոնության սուբյեկտներ նշել «հարկ վճարողներ» շատ ընդհանուր հասկացությունը: Մյուս կողմից, շատ քիչ է հավանականությունը, որ անհատ ձեռնարկատերը կարող է գործնականում դառնալ ազատ տնտեսական գոտու շահագործող, թեեւ օրենքի մակարդակով հավասար պայմանների ապահովման տեսանկյունից այս հանգամանքը էական չի կարելի համարել:

2.2 Նախագծով առաջարկվում է եկամտային հարկի հաշվարկման նպատակով որպես նվազեցվող եկամուտ սահմանել «ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները», ինչը նշանակում է, որ ազատ տնտեսական գոտու շահագործող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը պետք է նվազեցնեն իրենց ստացած եկամուտները հենց ստացված եկամուտների չափով, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ գործնականում խոսքը գնում է ոչ թե «եկամուտների նվազեցման», այլ եկամտային հարկի վճարումից ազատման մասին: Այս առումով, նշված առաջարկությունը պետք է վերաձեւակերպել եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում ավելացնել նոր հոդված` ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի վճարումից ազատելու մասին:

2.3 Նախագծի հեղինակի կողմից առաջարկվող մոտեցումը (թեեւ տեսականորեն կյանքի իրավունք ունի), այդուհանդերձ, բացակայում է նաեւ ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան բաժնում, ուստի եթե նույնիսկ այն ընդունվի, ապա կգործի մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, այսինքն` մինչեւ ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:

2.4 Նշենք նաեւ, որ Նախագծի հեղինակի կողմից 2016 թվականի փետրվարի 12-ին պաշտոնական շրջանառության մեջ է դրվել նույնաբովանդակ նախագիծ, որը 2016 թվականի ապրիլի 4-ին հետաձգվել է մինչեւ մեկ տարով:

Ամփոփելով, կարելի է փաստել, որ Նախագիծը չի կարող ապահովել դրանով հետապնդվող նպատակի իրացումը` առավել եւս, որ ընդունվելու դեպքում այն շատ կարճ ժամանակ կգործի: 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական                                                                         վարչության պետ`                                                                            Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

06.10.2016թ.