ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1074-28.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


ՀՀ ԱԺ պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով շահութահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, շրջանառության հարկի, հաստատագրված վճարի, տարեկան պետական տուրքի գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր եւ տուգանքներ ունեցող կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին, պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություններին (շահառուներ) տրամադրել հարկային արտոնություններ: Այս կապակցությամբ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

2.1 Ընդհանուր առմամբ, հարկային համաներումների կիրառումն ունի մի շարք բացասական հետեւանքներ: Մասնավորապես, այն վատ եւ վտանգավոր նախադեպ է ստեղծում երկրում հարկային պարտավորությունների ժամանակին եւ պատշաճ կատարման առումով: Բացի այդ, հարկային համաներումը, որպես հարկային արտոնության տեսակ, անհրաժեշտ սոցիալ-տնտեսական էֆեկտ ապահովելու համար պետք է բավարարի մի շարք հիմնարար պայմանների, որոնցից կարեւորագույնը, թերեւս, հասցեականության ապահովումն է: Այս տեսանկյունից, Նախագծով առաջարկվող կազմակերպությունների համար հարկային համաներում կիրառելու դեպքում այդ սկզբունքը չի պահպանվում: Մասնավորապես, դրանց շարքում կարող են լինել այնպիսի կազմակերպություններ, որոնք չարամտորեն են խուսափել հարկեր վճարելուց եւ այս տեսանկյունից որեւիցէ հիմնավորում չի կարող լինել, թե ինչու՞ պետք է պետությունը նման սուբյեկտների նկատմամբ ցուցաբերի բարեհաճ վերաբերմունք: Ավելին, պետության կողմից վարվող հարկային քաղաքականության նպատակներից մեկը բարեխիղճ հարկ վճարողների խրախուսումն ու խթանումն է, մինչդեռ, այս Նախագծով առաջարկվում է հակառակը: Արդյունքում, անհավասար պայմաններ կարող են ստեղծվել ժամանակին եւ ամբողջ ծավալով սեփական հարկային պարտավորությունները կատարած եւ չկատարած հարկ վճարողների միջեւ:

 2.2 Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է շահառուների կողմից հարկային պարտավորությունների կատարման կարգը` ելնելով հարկային պարտավորության չափից: Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Շահառուները, որոնք հաստատված  ժամանակացույցով փաստացի կմարեն ունեցած հարկային ապառքները, կազատվեն հարկային օրենսդրության համաձայն հաշվարկված տույժերից, տուգանքներից»: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը: Նախագծի 2-րդ հոդվածում հարկային պարտվորությունը սահմանվում է որպես. «2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով ապառքներ եւ դրանց նկատմամբ հաշվարկված տույժեր, տուգանքներ:» Այսինքն, շահառուները, հաստատված ժամանակացույցին համապատասխան կատարելով իրենց հարկային պարտավորությունները, փաստացի կերպով վճարում են նաեւ հաշվարկված տույժերը եւ տուգանքները: Հետեւաբար, 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող ազատումը, ըստ էության, չի կարող տեղի ունենալ ազատման օբյեկտի բացակայության պատճառով:

2.3 Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Շահառուները, որոնց նկատմամբ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառող եւ (կամ) դրան նախորդող հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար ներկայացվել են բռնագանձման հայցեր, հարկային մարմնի հետ կնքում են հաշտության համաձայնություն:», ինչը նշանակում է, որ հաշտության համաձայնություն կնքելու կողմերի իրավունքը սույն օրենքի ուժով կվերածվի պարտականության (ինչը, բնականաբար, ընդունելի չի կարող լինել): Այլ հարց է, եթե սահմանվեր, որ նշված դեպքերում հարկային մարմինը կասեցնում կամ ետ է վերցնում բռնագանձման մասին իր հայցերը:

Ընդհանուր առմամբ, Նախագիծը չի կարող ապահովել դրա կողմից հետապնդվող նպատակի իրականացումը` վերը նշված սկզբունքային թերությունների պատճառով:

  
ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                                     Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

06.10.2016թ.