ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1053-06.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
 

ՀՀ ԱԺ պատգամավորներ Մ. Մելքումյանի, Ն. Զոհրաբյանի, Լ. Խաչատրյանի եւ Վ. Էնֆիաջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագիծը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, ուղղված է «Գյումրի քաղաքում տնտեսական ակտիվության բարձրացմանը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նորամուծական գործունեության եւ արտահանման խթանմանը եւ շինարարության իրականացման բարենպաստ պայմանների ստեղծմանը»: Արժեւորելով նման նպատակի կարեւորությունը, միեւնույն ժամանակ, կարծում ենք, որ Նախագծում ամրագրված որոշ դրույթների գործնական կիրառումը հնարավորություն չի տա ապահովել դրված խնդիրների լուծումը, մասնավորապես.

գ           Նախագիծն ուղղված է Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պայմաների բարելավմանը, որի համար սահմանվում են մի շարք հարկային եւ այլ բնույթի արտոնություններ գրանցված եւ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար: Պետք է նշել, որ հանրապետությունում ձեռնակատիրական գործունեության պայմանների բարելավումը ներկայումս համապետական նշանակության հիմնախնդիր է, որի լուծումը ենթադրում է գլոբալ, եւ ոչ թե լոկալ մոտեցումների կիրառում: Ավելին, ձեռնարկատիրական գործունեության համար բարենպաստ միջավայրի տեղծման կարեւոր (եթե ոչ կարեւորագույն) սկզբունքներից մեկը հավասար պայմանների ստեղծումն է, ինչն, ըստ էության, խախտվում է սույն Նախագծով:

գ           Նախագծում ամրագրված Գյումրի քաղաքում պետական աջակցության հիմնական ուղությունները եւ ձեւերը շարադրված են բավականաչափ ընդհանուր կերպով, իսկ դրանց իրականացման մեխանիզմները կամ բացակայում են, կամ շարադրված են ոչ ամբողջական կերպով: Այսպես, չնայած այն հանգամանքին, որ պետական աջակցության հիմնական ձեւեր սահմանվում են ֆինանսական, ենթակառուցվածքային, տեղեկատվական եւ ինովացիոն աջակցությունը, այնուհանդերձ, Նախագծում որոշակի հստակեցումներ տրված են միայն ֆինանսական աջակցության մասով, իսկ ենթակառուցվածքային, տեղեկատվական եւ ինովացիոն աջակցության կարգի (այլ ոչ թե մեխանիզմների եւ տեսակների) սահմանման իրավասությունը վերապահվում է ՀՀ կառավարությանը: Կարծում ենք, Նախագծի առջեւ դրված խնդիրների լուծման իրատեսականության գնահատման տեսանկյունից անհրաժեշտ էր պետական աջակցության նշված ձեւերի իրականացման եղանակները (գոնե այնքանով, ինչքանով դա ամրագրված է ֆինանսական աջակցության մասով) ահմանել սույն Նախագծում, եւ բացի այդ` անհրաժեշտ է սահմանել հստակ պահանջ` Գյումրի քաղաքի տարածքում եւ դրանից դուրս իրականացվող գործունեության փաստաթղթավորումն իրարից առանձնացնելու մասով:

գ           Նախագծում ամրագրված են մի շարք հասկացություններ, որոնց մեկնաբանությունը գոնե Նախագծի իմաստով տրված չէ: Մասնավորապես, համաձայն Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի. «Սույն օրենքի նպատակն է սահմանել Գյումրի քաղաքում ձեռնարկատիրական գործունեության պետական աջակցության հիմնական ուղղությունները», առանց հստակեցնելու «ձեռնակատիրական գործունեություն» հասկացությունը: Նման իրավիճակում, ստեղծվում է անորոշության զգալի աստիճան` օրենքով նախատեսված արտոնություններից օգտվողների շրջանակի հստակեցման տեսանկյունից, քանի որ «ձեռնարկատիրական գործունեությունը» չափազանց լայն եւ ընդգրկուն հասկացություն է: Բացի այդ, «գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ» հասկացությունը եւս հստակեցման կարիք ունի, քանի որ ներկայացված ձեւակեպումից պարզ չի դառնում, այն իր մեջ ընդգրկում է գործունեության  ամբողջ շղթան, թե բավարար է անգամ դրա մեկ օղակի կամ փուլի առկայությունը:

գ           Նախագծով առաջարկվող որոշ արտոնությունների հիմնավորվածությունը, հատկապես դրանց հասցեականության տեսանկյունից, խիստ վիճահարույց է: Մասնավորապես, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ եւ 6-րդ մասերով որպես ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական աջակցության ձեւեր սահմանվում են Գյումրի քաղաքում գրանցված եւ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների արտահանումից ստացված շահույթից հաշվարկվող եւ պետական բյուջե վճարվող շահութահարկի չափով պետական սուբսիդավորումը, ինչպես նաեւ այդ սուբյեկտների կողմից արտահանվող ապրանքների արտահանման ռիսկերի պետական ապահովագրությունը? ՀՀ կառավարության սահմանած կարգով: Կարծում ենք, նման ձեւակերպումը լուրջ սողանցքներ է պարունակում եւ հնարավորություն է տալիս հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ցանկացած սուբյեկտի Գյումրի քաղաքում գրանցվելով եւ գործունեություն իրականացնելու պատրանք ստեղծելու միջոցով օգտվել նման արտոնությունից: Բացի այդ, անհայտ է մնում նաեւ, թե ինչպես պետք է իրականացվի «արտահանվող ապրանքների արտահանման ռիսկերի պետական ապահովագրությունը», եթե պետական ապահովագրական ընկերություններ ՀՀ-ում չկան, իսկ պարտադիր ապահովագրության համար (ինչպես, օրինակ, ԱՊՊԱ-ն) անհրաժեշտ է մշակել եւ ընդունել առանձին օրենք, ստեղծել հատուկ մարմին եւ այլն:

3. Ընդհանուր առմամբ, Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք է զգում (եթե, իհարկե, հաշվի չառնենք այն հանգամանքը, որ մասամբ հակասում, իսկ մասամբ էլ համահունչ չէ արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունված Հարկային օրենսգրքի նախագծին): Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը գործել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որը հետապնդված նպատակների եւ դրանց իրականացման միջոցների տեսանկյունից գրեթե չի տարբերվել սույն Նախագծից: Կարծում ենք, նպատակահարմար կլիներ Նախագծի անհրաժեշտությունը եւ դրված խնդիրների լուծման իրատեսականությունը քննարկել նշված օրենքի գործողության արդյունքում ստացված (կամ չստացված) սոցիալ-տնտեսական էֆեկտի եւ հետապնդված նպատակների իրականացման աստիճանի գնահատման տեսանկյունից, քանի որ Նախագծով նախատեսվող արտոնությունները ենթադրում են բավականաչափ բյուջետային ծախսեր:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի վարիչ`                                                             Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

26.09.2016թ.