ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1049-2.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ 
  
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի եւ Լ. Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փակ բաժնետիրական ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է հարկային արտոնություններ տրամադրել ՀՀ-ում գրանցված փակ բաժնետիրական ընկերություններին, որն, ըստ Նախագծի հեղինակների, կհանգեցնի մի շարք դրական հետեւանքների (ձեռնարկություններում ներդրումների ավելացում, վճարունակ պահանջարկի ձեւավորում, նոր աշխատատեղերի ստեղծում, հայրենական արտադրության խթանում եւ այլն): 

Բացի այն, որ սույն Նախագիծն ունի մշակվածության բավականին ցածր մակարդակ (ինչպես օրենսդրական տեխնիկայի, այնպես էլ խմբագրական ու տեխնիկական բնույթի թերությունների տեսանկյունից), Նախագիծը պարունակում է նաեւ մի շարք սկզբունքային թերություններ, որոնցից հիմնականները, մեր կարծիքով, կայանում են հետեւյալում:    

2.1 Նախագծով առաջարկվում է հարկային արտոնություններ տալ միայն փակ բաժնետիրական ընկերություններին, ինչը, բացի այն, որ անհարկի խտրականություն կարող է առաջացանել տնտեսավարող սուբյեկտների շրջանում, նաեւ հիմնավորված չէ: Ընդ որում, եթե հարկային արտոնություների խնդիրը դիտարկենք ձեռնարկությունների կազմակերպական-իրավական կարգավիճակի տեսանկյունից (որոնք կազմում են բոլոր ձեռնարկությունների ճնշող մեծամասնությունը), ապա ՓԲԸ-ները այն կազմակերպություններն են, որոնց հարկային արտոնությունների տրամադրումն ամենաքիչ հիմնավորվածությունը կարող է ունենալ: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ Նախագծում խոսք է գնում ընդհանրապես ՓԲԸ-ների մասին, Նախագծի հիմնավորման մեջ խոսվում է բացառապես «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ Նախագիծը խիստ հասցեական ուղղվածություն ունի (իսկ այդ դեպքում էլ` ավելի ճիշտ կլիներ նախատեսել միայն տվյալ ձեռնարկության հարկային արտոնությունների հետ կապված կարգավորումներ):

2.2 Նախագծի միակ նպատակը ՓԲԸ-ներին հարկային արտոնությունների տրամադրումն է, սակայն դրանում որեւէ խոսք անգամ չկա, թե ո՞ր հարկատեսակների գծով եւ ինչպիսի՞ հարկային արտոնություններ պետք է տրամադրվեն այդ ձեռնարկություններին, ինչը սկզբունքորեն անընդունելի է դարձնում նման օրենքի ընդունումը:

2.3 Նախագծի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Սույն օրենքով սահմանված արտոնությունից կարող են օգտվել այն փակ բաժնետիրական ընկերությունները, որոնց նախատեսվող տարվա տարեկան հարկվող շրջանառությունը կազմում է նվազագույնը 16 միլիարդ դրամ:», իսկ հիմնավորման մեջ նշվում է, որ. «...նվազագույն 16 մլրդ դրամ շրջանառության ամրագրումը բխում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի տրամաբանությունից:», այն դեպքում, երբ նշված օրենքում նվազագույն 16 մլրդ դրամ շրջանառության հետ կապված որեւէ «տրամաբանություն» կամ դրույթ չկա: Ընդհակառակը, ԱԱՀ-ի շեմը ներկայումս նախատեսված է տարեկան 115 մլն. դրամի չափով, որն էլ ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծով առաջարկվում է իջեցնել մինչեւ 40 մլն. դրամի: Ընդ որում, ՀՀ պայմաններում տարեկան 16 մլրդ դրամի շրջանառությունը բավականին մեծ ծավալ է, ուստի նման ձեռնարկություններին հարկային արտոնությունների տրամադրումն ընդհանրապես դուրս է գալիս ցանկացած տրամաբանության շրջանակներից:

Ընդհանուր առմամբ Նախագիծը խիստ թերի է մշակված եւ հիմնավորման լուրջ խնդիր ունի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի                                                                                             տնտեսագիտական վարչության պետ`                                                   Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

26.09.2016թ.