ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1010-18.05.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 


ՀՀ ԱԺ պատգամավորներ Է. Վարդանյանի, Ս. Մարգարյանի եւ Վ. Հովհաննիսյանի կողմից ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ՀՀ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի հիմնական ցանկում ընդգրկված առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ներմուծումը եւ իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Բնակչության սոցիալական վիճակի թեթեւացման առումով տվյալ հարցի լուծումը, իհարկե, շատ կարեւոր է, սակայն խնդիրը կայանում է նրանում, որ առաջարկվող մոտեցմամբ այդ հարցը չի կարող լուծվել, քանի որ ազատ շուկայական գնագոյացման պայմաններում, երբ գները ճկուն չեն (այսինքն` շատ արագ արձագանքում են դրանց աճին նպաստող գործոններին եւ չեն արձագանքում կամ գրեթե չեն արձագանքում դրանց նվազեցմանը նպաստող գործոններին), նշված դեղերի գները էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ առաջարկվող արտոնությունն ընդամենը կնպաստի դեղերի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող սուբյեկտների շահույթի մեծացմանը:

Հարկ է նաեւ փաստել, որ նշված դեղերի, եւ ընդհանուր առմամբ դեղերի շուկայի գնային կարգավորման տեսանկյունից, «Դեղերի մասին» ՀՀ նոր ընդունված օրենքով կառավարությանը տրված են դեղերի գների կարգավորման նոր լիազորություններ, որով էլ հնարավոր կլինի լուծել Նախագծով հետապնդվող խնդիրը: 

Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման դեպքում հստակեցման կարիք ունի «առավել տարածված հիվանդություններ» հասկացությունը, որը խիստ բազմաբովանդակ է ու մեկնաբանելի:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

վարչության տնտեսական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ                                                                     Գ. Սաֆարյան   

15.06.2016թ.