ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային կարգավորման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1008-12.05.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


  
  

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

2. Սույն նախագծով փորձ է արվում փոքր-ինչ շտկել ՀՀ-ից որոշ ապրանքների արտահանման ժամանակ առաջացող այն խնդիրները, որոնք կպված են փոքր քանակությամբ ոչ թանկարժեք ապրանքների արտահանման համար գործող մաքսավճարների հետ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ նշված ապրանքների համար. «...նախատեսված մաքսավճարները չեն գանձվում, եթե արտահանվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 10 կիլոգրամը, խմբաքանակը չի գերազանցում 10 հատը եւ ընդհանուր արժեքը չի գերազանցում 150.000 դրամը: Սույն մասով նախատեսված արտոնությունից տնտեսվարող սուբյեկտը կարող է օգտվել օրացույցային ամսվա կտրվածքով 2 անգամ:»:

Ընդհանուր առմամբ Նախագիծը կարող է որոշ չափով ապահովվել նշված խնդրի լուծումը, սակայն, մեր կարծիքով, Նախագծի ձեւակերպումներն այնքան էլ չեն համապատասխանում դրա հիմնավորման մեջ նշված մոտեցումներին: Մասնավորապես`

2.1 Նախագծով առաջարկվող լրացման տեքստում արտոնությունից օգվելու համար սահմանվում են երեք պայմաններ, որոնք շարադրված են ստորակետով ու «եւ» շաղկապով, որի դեպքում դրանք բոլորը հանդիսանում են միաժամանակ գործող պայմաններ, այն դեպքում, երբ արտահանվող ապրանքի վրա, ըստ Նախագծի հիմնավորման տրամաբանության, պետք է տարածվի նշված արտոնությունը, եթե այն համապատասխանում է այդ պայմաններից որեւէ մեկին: Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա անհրաժեշտ է «10 հատը» բառերից հետո «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով,

2.2 Նախագծով առաջարկվող լրացման տեքստում նշվում է, որ. «...նախատեսված արտոնությունից տնտեսվարող սուբեկտը կարող է օգտվել օրացույցային ամսվա կտրվածքով 2 անգամ:», այն դեպքում` երբ ակնհայտ է, որ նկատի է ունեցվել արտոնությունից օգտվելու ոչ թե կոնկրետ, այլ առավելագույն քանակը, ուստի, կարծում ենք, «կտրվածքով» բառից հետո անհրաժեշտ է ավելացնել «ոչ ավելի, քան» բառերը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի 

առաջատար մասնագետ`                                                                              Մ.  ԴԱԼԼԱՔՅԱՆ

08.06.2016թ.