ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-998-6.05.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

  
  
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հ. Մարգարյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  47-րդ հոդվածի պահանջներին:

2. Սույն Նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքում իրականացվող տնտեսական գործունեության մասով սահմանել հարկային արտոնություններ` գրեթե բոլոր հարկերի գծով, ինչպես հարկերից ազատման, այնպես էլ, որոշ հարկատեսակների մասով, հարկերի մի մասի վճարումից ազատման ճանապարհով:

Ընդհանուր առմամբ, Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք է զգում (եթե, իհարկե, հաշվի չառնենք այն հանգամանքը, որ մասամբ հակասում, իսկ մասամբ էլ համահունչ չէ արդեն իսկ պաշտոնական շրջանառության մեջ գտնվող Հարկային օրենսգրքի նախագծին): Մասնավորապես`

2.1 Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ սույն օրենքի իմաստով  Գյումրի քաղաքում իրականացվող գործունեություն է համարվում  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպումը՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ է իրացվում պատրաստի արտադրանքը՝  Գյումրի քաղաքի վարչական սահմաններում, թե դրանցից դուրս, ինչն արդեն իսկ ստվերային գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ է բացում (քանի որ գործնականում հնարավոր չի լինի վերահսկել թե իրացվող արտադրանքը իսկապե՞ս Գյումրի քաղաքի վարչական սահմաններում է արտադրվել, թե՞, օրինակ, Երեւանում),

2.2 Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է շրջանառության հարկից, ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտային հարկից եւ արտոնագրային վճարներից 50 տոկոսով ազատվելու արտոնություն, սակայն չի հստակեցվում, թե այդ արտոնությունը ինչի՞ վրա է տարածվում` համապատասխան հարկերի (վաճարների) դրույքաչափերի, թե՞ դրանց հարկման բազաների վրա: Երկու դեպքում էլ, կարծում ենք, անհրաժեշտ է համապատասխան փոփոխություներ կատարել այդ հարկատեսակները սահմանող օրենքներում, քանի որ դրանց հարկման բազաների որոշման հարցում կան մի շարք տարբերություններ, իսկ եթե խոսքը գնում է դրույքաչափերը կիսով չափ կրճատելու մասին, ապա համապատասխան օրենքներում անհրաժեշտ է ամրագրել այդ (կոնկրետ) դրույքաչափերը: Բացի այդ, Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասից էլ կարելի է ենթադրել, որ անկախ վերը նշված անհստակությունից, նախատեսվում է, որ Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն իր հարկման բազան որոշելիս համախառն եկամտից կատարում է Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության մասով ծախսերի (հարկման բազայի) նվազեցումներ, ինչը նույնպես ստվերային գործունեության համար «ջերմոցային» պայմաններ է ապահովում,

2.3 Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը (գործունեության փաստաթղթավորման պահանջները) ավելորդ են, քանի որ համապատասխան դրույթներն արդեն իսկ ամրագրված են համապատասխան հարկերի եւ վճարների մասին գործող օրենքներում,

2.4 Նախագծի 9-րդ եւ 10-րդ հոդվածների կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազատ տնտեսական գոտիների մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքներում, որոնց նախագծերը բացակայում են:

            ՀՀ ԱԺ աշխատակազմի

տնտեսագիտական վարչության

սոցիալական փորձաքննության բաժնի վարիչ`                     Ա. ԳԱԼՍՏՅԱՆ

03.06.2016թ.