ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-738-25.03.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել 5 տարով` ներկայումս գործող 3 տարվա փոխարեն: Նման մոտեցումը, կարծում ենք, կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ վերոհիշյալ սուբյեկտների համար տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավման առումով:

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:




ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ                                                              Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
30.03.2015թ.