ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ի լրումն 2015թ. փետրվարի 2-ի գրության` շրջանառության մեջ դրված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-710-02.02.2015, 23.03.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ


 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

2. Նախագծի նպատակն է հստակեցնել հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորությունների` անուղղակի եղանակով հարկվող օբյեկտների գնահատման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման դեպքերը եւ այդ նպատակով կիրառվող մեթոդները: Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծին կից Հավելված 5-ով ներկայացված «Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկվող օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ պարտավորությունների հաշվարկման կարգի» (այսուհետ՝ Կարգ) «IV. Անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկվող օբյեկտների գնահատման (վերագնահատման) եւ պարտավորությունների հաշվարկման ամփոփումը» բաժնի 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ. «Հարկային մարմնի կողմից տարբեր մեթոդների կամ միեւնույն մեթոդով տարբեր ելակետային տվյալների կիրառմամբ իրարից զգալիորեն տարբերվող արդյունքներ (գնահատված (վերագնահատված) հարկվող օբյեկտ) ստանալու դեպքում, հարկային մարմինը դրանցից ընտրում է նվազագույնը....»: Այս կապակցությամբ, կարծում ենք, որոշակի հստակեցումների կարիք կա: Մասնավորապես, Կարգով անհրաժեշտ է սահմանել հարկային մարմնի կողմից տարբեր մեթոդների եւ միեւնույն մեթոդով տարբեր ելակետային տվյալների կիրառման դեպքերը, ինչպես նաեւ ստացված արդյունքերի տարբերության «զգալիության» գնահատման չափորոշիչները կամ հանել «զգալիորեն» բառը:

բ) Կարգի նույն բաժնի 5-րդ պարբերությամբ սահմանվում է, որ. «հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացրած հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաստաթղթերում արտացոլված հարկվող օբյեկտները, սույն կարգին համապատասխան որոշված հարկվող օբյեկտի չափը գերազանցելու դեպքում, հիմք է ընդունվում հարկ վճարողի ներկայացրած տվյալները»: Կարծում ենք, այս դեպքի համար նման մոտեցումը որոշակիորեն վիճահարույց է, քանի որ`

- նախ եւ առաջ, նշված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում եւ այլ փաստաթղթերում արտացոլված հարկվող օբյեկտների հենց անարժանահավատությունն է հիմք հանդիսանում հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկվող օբյեկտի գնահատման համար: Ուստի, օրենքով սահմանված չափանիշների հիման վրա արդեն իսկ անարժանահավատ ճանաչված հարկվող օբյեկտը չի կարելի արժանահավատ համարել միայն այն բանի համար, որ «ապահովում» է համեմատաբար մեծ հարկային պարտավորություն:

- երկրորդ, քանի որ անուղղակի եղանակով հարկվող օբյեկտի գնահատման մեթոդների հիմնական խնդիրը ոչ հավաստի տվյալների հիման վրա հաշվարկված հարկվող օբյեկտի վերագնահատումն է՝ իրական (փաստացի) հարկային պարտավորությունների որոշման համար (որը, ենթադրաբար, պետք է լինի ավելի մեծ, քան հարկ վճարողի կողմից ներկայացվածը, քանզի վերջինիս կողմից ոչ հավաստի տվյալների օգտագործման հիմնական նպատակը հարկային պարտավորությունների նվազեցումն է), ուստի, կարծում ենք, որ նման դեպքում առավել տրամաբանական եւ արդարացի կլինի հիմք ընդունել հարկ վճարողի հարկային պարտավորությունների որոշման նպատակով հարկային մարմնի կողմից անուղղակի գնահատման միջոցով որոշված հարկվող օբյեկտը:

  
 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական
վարչության տնտեսական փորձաքննության
բաժնի վարիչ                                                                                                          Գ.  ԿԻՐԱԿՈՍՅԱՆ   

17.04.2015թ.