ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-120-26.04.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Ս. Գաբրիելյանի եւ Լ. Մակունցի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է վարձու աշխատող հանդիսացող (այդ թվում՝ ծառայություններ մատուցող) ֆիզիկական անձանց աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձնել հարկ վճարող ուսանողին՝ անկախ սեփականության ձեւից ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններում սովորելու համար ուսման վարձի գումարի չափով: Այսինքն, Նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն եւ առաջարկում է ըստ էության հարկային արտոնություն տրամադրել աշխատող ուսանողներին:

3. Նախագծի հետ կապված հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

ա) Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատություններ» բառակապակցությունն անհրաժեշտ է փոխարինել «արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ» բառակապակցությամբ՝ Նախագիծը «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված տերմինաբանությանը եւ ուսումնական հաստատությունների տեսակներին համապատասխանեցնելու նպատակով:

բ) Անհրաժեշտ է հստակեցնել Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում հարկ վճարողի իմաստով օգտագործվող՝ «ծառայություններ մատուցող» հասկացությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ ծառայություններ մատուցողները կարող են լինել ինչպես վարձու աշխատողներ, այնպես էլ անհատ ձեռնարկատերեր կան նոտարներ, որոնք, սակայն, եկամտային հարկ վճարողներ չեն հանդիսանում: Մյուս կողմից՝ եթե խոսքը գնում է վարձու աշխատող հանդիսացող ծառայություններ մատուցողների մասին, ապա այս դեպքում անիմաստ է դառնում ծառայությունների մատաուցման փաստը շեշտադրելը, քանի որ վարձու աշխատող հանդիսանալու հանգամանքը լիովին բավարար է որպես եկամտային վճարող նույնականացվելու համար: Ուստի, առաջարկում ենք նշված հոդվածներից հանել «(այդ թվում՝ ծառայություններ մատուցող)» բառերը:

գ) Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձվում են ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:», որի հետ կապված երկու խնդիր է առաջանում: Նախ՝ «կիսամյակի ավարտից հետո» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «մեկ ամսվա ընթացում» բառերը՝ լիազոր մարմնի կողմից՝ սույն Նախագծով սահմանվող պարտականության կատարման ժամկետը կոնկրետացնելու նպատակով, եւ երկրորդ՝ անհրաժեշտ է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող վարձու աշխատողների համար սահմանել առաջարկվող արտոնությունից օգտվելու այլ չափանիշ, քանի որ ուսումնական այս հաստատություններում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմ սահմանված չէ եւ չի կիրառվում:

դ) Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ թե վարձու աշխատող ուսանողը քանի անգամ կարող է օգտվել տվյալ Նախագծով առաջարկվող արտոնությունից (Նախագծի ներկայացված տեսքից ակնհայտ է, որ նման սահմանափակում չկա եւ վարձու աշխատողը կարող է օգտվել մի քանի անգամ՝ տարբեր ԲՈւՀ-երում ուսանելու դեպքում), ինչպես նաեւ անհրաժեշտ է հստակեցնել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողների վրա սույն արտոնության տարածման նպատակահարմարությունը, կամ այլ կերպ ասած՝ արդյո՞ք արտասահմանից ուսման նպատակով Հայաստան եկած եւ սովորող ուսանողները, որոնք միաժամանակ աշխատում են, պե՞տք է օգտվեն սույն արտոնությունից, թե՞ ոչ (եթե օգտվեն այս արտոնությունից, ապա կստացվի, որ ՀՀ-ն դոտացիա է տրամադրում արտասահմանյան երկրների կրթական համակարգերին, ինչն արդարացված չի կարելի համարել):

ե) Նախագծով նախատեսվում է, որ սույն օրենքն ուժի մեջ պետք է մտնի եւ կիրառվի ընթացիկ տարում, այն դեպքում, երբ պետական բյուջեով նման արտոնությունների համար հատկացումներ նախատեսված չեն, ինչն էլ նշանակում է, որ Նախագծի ընդունումը կարող է նվազեցնել պետական բյուջեի եկամուտները: Հարկ ենք համարում հիշեցնել նաեւ, որ ներկայումս ՀՀ-ում հարկային ծախսերի մակարդակը բավականին բարձր է (այն կազմում է մոտ 440 մլրդ. դրամ կամ պետբյուջեի եկամտային մասի մոտ 1/3-ը), ուստի այս պարագայում հարկային նոր արտոնությունների սահմանումը չափազանց համոզիչ փաստարկներ պետք է պարունակի:

զ) Նշենք նաեւ, որ Նախագծի ընդունումը անհամեմատ «գրավիչ» կդարձնի «աշխատող ուսանող»-ի կարգավիճակը, այդ թվում՝ նաեւ ցերեկային ուսուցման (առկա)  համակարգում սովորողների շրջանում, իսկ ինչպես հայտնի է՝ միաժամանակ աշխատող եւ սովորող ուսանողների կրթական (գիտելիքների) մակարդակը զգալիորեն զիջում է ամբողջ ժամանակը միայն կրթությանը տրամադրող ուսանողների կրթական մակարդակին, ինչն էլ կարծում ենք, բավականին լուրջ ռիսկ է իրենից ներկայացնում կրթության արդյունավետության եւ կրթական չափորոշիչների տեսանկյունից:  


 

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                  Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

03.05.2019թ.