ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-105-12.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 


 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը, որով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար սահմանված է պահանջ, ըստ որի՝ ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: Ժամանակին տվյալ սահմանափակումը ներառվել է Քաղաքացիական օրենսգրքում՝ ելնելով այն նկատառումից, որ տնտեսական ընկերությունները կարող էին օգտագործել այս մեխանիզմը հարկերից խուսափելու, ստվերային գործարքներ կատարելու եւ այլ նպատակներով, սակայն ներկայումս նման ռիսկերը բացակայում են՝ կապված հարկային օրենսգրքով եւ այլ օրենքներով փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրման հետ (պատահական չէ նաեւ, որ 2001 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը նման սահմանափակում չի պարունակում): Ուստի, կարելի է համաձայնել նախաձեռնության հեղինակների հետ, որ ներկայումս այս սահմանափակումը. «չի փակում որեւէ իրավական եւ տնտեսական ռիսկ՝ միեւնույն ժամանակ առաջացնելով արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ընկերությունները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են լինում ներգրավել երկրորդ սեփականատեր՝ արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլին հանդիպելով արհեսատական խոչընդոտի, ինչը վնասում է նաեւ ներդրումային միջավայրին:»:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

     

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական

փորձաքննության վարչության պետ`                                Ա. ԹԱՄԱԶՅԱՆ 

22.04.2019թ.