ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին« (փաստաթղթային կոդ՝ Խ-90-4.04.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


 

 ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. «Լիցենզավորման մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի օրենքի ՀՕ-236 օրենքով փոփոխություններ են կատարվել քաղաքաշինության բնագավառում տրվող լիցենզիաների մասով: Անցումային դրույթներով նախատեսվել է հետեւյալը. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցեզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները շարունակում են մնալ ուժի մեջ մինչեւ «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպության»  պետական գրանցման օրվան հաջորդող վեցերորդ ամիսը լրանալը»:

Հայաստանի Հանրապետության «Ճարտարապետների պալատ ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպության» պետական գրանցման օրը  2018 թվականի մայիսի 16-ն է, իսկ դրան հաջորդող 6-րդ ամիսը լրացել է 16.11.2018թ. եւ  ավարտվել է տրված լիցենզիաների գործողության ժամկետները:

ՀՀ կառավարությունը լիցենզիայի տրամադրման նոր կարգ ու ձեւեր է հաստատել 27.12.2018թ.՝ N 1533-ն որոշմամբ: 

Այսպիսով, մի կողմից լիցենզիաների գործողությունը դադարել է 16.11.2018թ., իսկ մյուս կողմից՝ նոր լիցենզիաների տրման կարգը եւ ձեւերը հաստատվել է 27.12.2018թ.: Այս ամիսների միջեւ ընկած ժամանակահատվածում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացրած անձիք կամ կազմակերպությունները գործել են առանց համապատասխան լիցենզիայի’ թույլ տալով օրենքի խախտում:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի երկարացնել լիցենզիաների գործողության դադարման ժամկետը, ինչն, իր հերթին, թույլ կտա որպեսզի նախկին կարգով լիցենզավորված անձանց կողմից մինչեւ 31.12.2019թ. համար վճարված գումարները ծառայեն իրենց նպատակին, ապահովվի պատշաճ ծանուցում բոլոր պետական մարմիններին եւ շահագրգիռ կազմակերպություններին, ուժը կորցրած ճանաչված լիցենզիաների հիման վրա իրականացրած լիցենզավորման ենթակա գործունեությունը չի համարվի իրավախախտում, նախկին կարգով լիցենզավորված անձինք հնարավորություն եւ բավարար ժամկետ կունենան դիմելու եւ ստանալու նոր լիցենզիաներ:

Նախագիծը տնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

ՀՀ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական 

փորձաքննության վարչության սոցիալական 

փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ՝               Գ. ՆԱԶԱՐՅԱՆ

22.04.2019թ.