ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-92-4.04.2019-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-921-4.04.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


 


 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում: 

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լիարժեք ապահովել անձանց կենսաթոշակի ստացման իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռք բերելու դեպքում այդ իրավունքի սահմանափակումը, մասնավորապես՝ սահմանելով, որ կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասնհինգ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում՝ սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ լիազորագրով կենսաթոշակ ստանալու իրավունքի ժամկետը մեկ տարուց մինչեւ տասնհինգ տարի դարձնելը, մեր կարծիքով, իր մեջ որոշակի կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչպես նաեւ կարող է այնպիսի իրավիճակներ ստեղծվել՝ երբ անհրաժեշտություն կառաջանա պետական բյուջե վերադարձնել անօրինական վճարված կենսաթոշակի գումարները (օրինակ՝ արտասահմանում մարդը կարող է մահանալ եւ այդ մասին տեղեկատվությունն այս կամ այն պատճառով հայտնի չդառնա ՀՀ լիազոր մարմիններին եւ արդյունքում տեւական ժամանակ լիազորագրով կենսաթոշակ կվճարվի, ինչն էլ ենթակա է վերադարձման): Ուստի, որքան երկար լինի նշված ժամանակահատվածը, այնքան մեծ գումարներ կվճարվեն պետական բյուջեից եւ այնքան էլ դժվար կլինի հետ վերադարձնել այդ գումարները: 

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք լիազորագրով կենսաթոշակ ստանալու իրավունքի ժամկետը երկարացնել մինչեւ երեք տարի ժամկետով եւ ձեռնպահ մնալ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելուց:

ՀՀ ԱԺ աշխատակազմի 

տնտեսագիտական փորձաքննության վարչության

սոցիալական փորձաքննության 

բաժնի առաջատար մասնագետ`                                   Ա. Հարությունյան

22.04.2019թ.