Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետություն մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետություն մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության եւ զարգացման վարչությունում:

Ներկայացված օրենքի նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածի պահանջներին:

1. Օրենսդրական տեխնիկայի պահանջներից ելնելով Օրենքի նախագծի 27 հոդվածով Օրենսգրքի 114-րդ հոդվածում առաջարկվող լրացումը անհրաժեշտ է կատարել նաեւ վերոհիշյալ հոդվածի վերնագրում:

2.Օրենքի նախագծի 38 հոդվածի համաձայն. «Սույն օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: Սակայն, Օրենքի նախագծով, մասնավորապես` 36 հոդվածով, պատասխանատվություն է սահմանվում մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կատարելու համար: Մինչդեռ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46 հոդվածի 2 մասի 3 պարբերության համաձայն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար պատասխանատվություն սահմանող իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

3. Օրենքի նախագծում առկա են նաեւ մի շարք խմբագրական, ոճաբանական եւ լեզվաբանական բնույթի թերություններ (մասնավորապես` Նախագծի 4-րդ, 20-րդ, 27-րդ, 28-րդ հոդվածներում, 30 հոդվածի I կետում եւ 7-րդ մասում, 31-36 հոդվածներում):

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարողներ`
Ա.Հայկյանց
Կ.Մելքոնյան
Կ.Հարությունյան
Ա.Սարգսյան